Կարևոր իրադարձություններ

Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները ստանալու են անվանական կրթաթոշակ

08 Սեպտեմբեր, 2022 22:50
Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները ստանալու են անվանական կրթաթոշակ

2022 թվականին տեղի ունեցած «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաների դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաների մասնակից և եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների կազմը:

Ըստ այդմ՝ անվանական կրթաթոշակ կտրամադրվի 5 բրոնզե մեդալակիրների, ինչպես նաև 4 մասնակիցների:

Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.

1 Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

 առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
● եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ։

2 Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

 առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ։

3 ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝

 առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին