Կարևոր իրադարձություններ

Եթե հիմնախնդիր չլիներ, ՌԴ-ի խաղաղապահ ուժերը չէին գտնվի ԼՂ-ում. վարչապետ

08 Սեպտեմբեր, 2022 16:05
Եթե հիմնախնդիր չլիներ, ՌԴ-ի խաղաղապահ ուժերը չէին գտնվի ԼՂ-ում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ Հայ առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է Բրյուսելում անցկացված եռակողմ հանդիպմանը։

«Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմին հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել:

Խոսքը մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին է: Ո՞րն է Ադրբեջանի տեսակետը: Նրանք կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, և այլևս քննարկելու բան չկա:

Մեր դիրքորոշումը և ակնհայտորեն նաև միջազգային հանրության դիրքորոշումը չեն համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ: Ակնհայտ է, որ այդ դիրքորոշումը չի կիսում մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունը:

Իմ՝ ՌԴ կատարած պաշտոնական այցի ընթացքում ես և Ռուսաստանի նախագահը ստորագրեցինք հայտարարություն, որտեղ արձանագրված է, որ մենք պետք է համագործակցենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

Այսինքն, Ռուսաստանն արձանագրում է, որ կա հիմնախնդիր, որը պետք է կարգավորել: Եվ սա տրամաբանական է, որովհետև եթե հիմնախնդիր չլիներ, Ռուսաստանի խաղաղապահ ուժերը չէին գտնվի Լեռնային Ղարաբաղում»,- նշել է Փաշինյանը:

ՀՀ ղեկավարի խոսքով՝ Բրյուսելի հանդիպման ընթացքում թե Հայաստանը, թե Ադրբեջանն արձանագրել են խաղաղության հասնելու իրենց ցանկությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին