Կարևոր իրադարձություններ

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն` Արարատում

07 Սեպտեմբեր, 2022 23:55
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն` Արարատում

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա առթիվ Արարատի մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Գազի պայթյունի հետևանքով տուժածների դուրսբերումը շենքից» թեմայով:

Միջոցառումներն անցկացվել են Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցում, Արարատ խոշորացված համայնքի Երասխ բնակավայրի միջնակարգ դպրոցում, Արտաշատ խոշորացված համայնքի թիվ 3 հիմնական դպրոցում և Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ բնակավայրի մանկապարտեզում:

Ներգրավված էին վերոնշյալ համայնքների հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները, մասնակցում էին նաև Արարատի ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Ղուկասյանը, Արարատի փոխմարզպետ Վլադիմիր Խաչատրյանը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և Մասիսի համայնքապետի պաշտոնակատար Նորայր Հակոբյանը:

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել մասնակից և արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ինչպես նաև կատարելագործել գործնական հմտությունները, ծառայությունների փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում և սերտ համագործակցության ամրապնդումը ՏԻՄ-երի և մասնավոր կառույցների հետ:

Միջոցառման ավարտին Արարատի ՄՓՎ պետ Ա. Ղուկասյանը ամփոփելով շնորհակալություն է հայտնել ուսումնավարժության մասնակիցներին, համագործակցող մարմիններին նման միջոցառումներին միշտ արձագանքելու համար: Նա նաև ընդգծել է մանկապարտեզ-դպրոց-համայնքապետարան-ԱԻՆ մարզային կառույցի արդյունավետ փոխհամագործակցությունը և շնորհավորել բոլորին ԱԻՆ աշխատողի օրվա առթիվ:

Շնորհակալական խոսքով հանդես են եկել նաև Արարատ, Մասիս, Վեդի և Արտաշատ խոշորացված համայնքների ղեկավարները, ևս կարևորել են մանկապարտեզ-դպրոց-համայնքապետարան-ԱԻՆ մարզային կառույցի համագործակցությունը: Նրանք ուսումնավարժության մասնակից մի շարք հրշեջ-փրկարարների հանձնել են պարգևներ՝ շնորհակալագրեր և պատվոգրեր:

 

Լրահոս

Դիտել ավելին