Կարևոր իրադարձություններ

Մենք կարող ենք Հայաստանի լավագույն փորձառությունը կիրառել Ֆիլիպիններում. դեսպան

05 Սեպտեմբեր, 2022 12:50
Մենք կարող ենք Հայաստանի լավագույն փորձառությունը կիրառել Ֆիլիպիններում. դեսպան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ֆիլիպինների Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Գ. Բալլենին:

Հանդիպմանը ներկա էր նաև Ֆիլիպինների գլխավոր պատվավոր հյուպատոս Ալբերտ Թառոյանը:

Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին, կարևորել նրա դիվանագիտական գործունեությունը՝ ի շահ հայ-ֆիլիպինյան կապերի զարգացման:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ Իգոր Բալլենին իր ներդրումը կունենա Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում հնարավոր համագործակցության ծրագրերի ներդրման հարցերը:

«Շնորհակալ ենք, որ այսօր այցելել եք մեզ: Վստահ եմ՝ կարող ենք արդյունավետ համագործակցություն ծավալել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում:

Մենք համագործակցության հուշագրեր ունենք բազմաթիվ երկրների հետ, և դուք նույնպես կարող եք մեր գործընկերը դառնալ վերը նշված ոլորտներում:

Հայաստանի յուրահատկությունն այն է, որ մեր երկիրը գտնվում է Ասիայի և Եվրոպայի մեջտեղում, ինչը հնարավորություն է մեզ տալիս ուսումնասիրելու և տեղայնացնելու բոլոր արդյունավետ մոդելները»,- ասել է փոխնախարարը և ընդգծել, որ համատեղ յուրաքանչյուր ծրագիր հետագայում կարող է արդյունավետ համագործակցության հիմք դառնալ:

Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո գտնվող ոլորտներում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով, որ բոլոր ուղղություններով էլ կատարվում են արմատական բարեփոխումներ:

«Կարծում եմ՝ փոխգործակցության արդյունքում մենք կարող ենք Հայաստանի լավագույն փորձառությունը կիրառել Ֆիլիպիններում:

Մասնավորապես, մեծ հետաքրքրություն կա շախմատի՝ հանրակրթական ծրագրում ներդնելու ուղղությամբ»,- նշել է դեսպանը և հավելել, որ առաջիկայում նախատեսում է հանդիպել Հայաստանում Ֆիլիպինների համայնքի, ինչպես նաև ուսանողների հետ, որոնք նույնպես կարող են իրենց ներդրումն ունենալ հայ-ֆիլիպինյան հարաբերությունների ամրապնդման գործում՝ իրենց գիտելիքն ու փորձը հայրենակիցներին փոխանցելու առումով:

Հանդիպման ավարտին կողմերը նախնական համաձայնության են եկել փոքր, սակայն հաստատուն քայլերով զարգացնել բարեկամական երկրների միջև գործնական հարաբերությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին