Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն շարունակում է հանձառու լինել ԱՀ բնակչության կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման համար. Ռուստամ Բաքոյան

02 Սեպտեմբեր, 2022 21:17
Հեղինակ՝ Ռուստամ Բաքոյան
ՀՀ-ն շարունակում է հանձառու լինել ԱՀ բնակչության կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման համար. Ռուստամ Բաքոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«1991 թվականի ճիշտ այս օրը` սեպտեմբերի 2-ին, ընդունվեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը, փաստաթուղթ, որով դրվեց պետության անկախության գործընթացի սկիզբը։

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի և Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ նստաշրջանի կայացրած որոշումը համարվող փաստաթղթով սահմանվեց արցախահայերի` անվտանգ ու խաղաղ կենսագործունեության ապահովման տեսլականը` ի շահ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանության։

Գործընկերոջս` ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ աշխատանքային այցով Արցախում էինք` հարգելու և ծաղիկներ խոնարհելու արցախահայության իրավունքների պաշտպանության համար նահատակվածների հիշատակին, հերոսներ, ովքեր մեզ պատգամել են ապրել, արարել, աշխատել հանուն խաղաղության, հանուն խաղաղ հայրենիքի, հանուն բոլորիս ապահով գոյության ու կյանքի։

Այցի ընթացքում հանդիպումներ ունեցանք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ, որոնց ընթացքում խոսեցինք Ղարաբաղյան հիմնախնդրի արդի փուլի, Հայաստանի Հանրապետության անելիքների, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության, ինչպես նաեւ Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության հասնելու տեսլականի ու նպատակի, անվտանգային խնդիրների մասին` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համատեքստում։

Մասնավորապես նշեցի, որ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման, արցախահայության բնական և անօտարելի իրավունքների պաշտպանության առաջնագծում է` հանուն պատմական արդարության վերականգման ու արցախահայության խաղաղ կենսագործունեության հիմնարար իրավունքի։

Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականությունը Ղարաբաղյան հիմնահարցի առնչությամբ ապացույցն ու հաստատումն է այն պարզ ճշմարտության, որ մեր հայրենակիցները ապրել են, ապրում են, ու իրավունք ունեն ապրելու իրենց պատմական հայրենիքում` ապահով ու անվտանգ պայմաններում, ուր պաշտպանված կլինեն իրենց իրավունքները, իրողությունը, որը Ղարաբաղյան հիմնախնդրի առանցքն է և դրա կարևորագույն հիմնակետը։

Ղարաբաղյան հիմնախնդիրը արդի է, քանի հասցեագրված չեն արցախցիների անվտանգության և իրավունքների պաշտպանության հիմնարար հիմնախնդիրները, խնդիր, որի հանգուցալուծմանն են ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները։ Չէ որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և իրավունքների երաշխավորումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարաժամկետ լուծումը՝ օգտագործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փորձը և ներուժը, շարունակում են առանցքային լինել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու ճանապարհին։

Հայաստանի Հանրապետությունը այսօր էլ իրականացնում է քայլեր` հնարավորինս նվազեցնելու արցախահայությանն խաղաղ կենսագործունեությանը խոչընդոտող սպառնալիքները։

Այո, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հանձառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման և իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին