Կարևոր իրադարձություններ

Հայ ըմբիշները միջազգային մրցաշարում նվաճել են չորս ոսկե եւ երկու բրոնզե մեդալներ

19 Հոկտեմբեր, 2015 22:12
Հայ ըմբիշները միջազգային մրցաշարում նվաճել են չորս ոսկե եւ երկու բրոնզե մեդալներ

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի եւ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ըմբշամարտի միջազգային 7-րդ պատանեկան մրցաշարից Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի ըմբիշները վերադարձել են չորս ոսկե եւ երկու բրոնզե մեդալով: Երեւանում հոկտեմբերի 14-16-ն անցկացված մրցաշարում չեմպիոն դարձան եւ ոսկե մեդալներ նվաճեցին 50 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը, 58 կգ քաշային Վազգեն Թեւանյանը, 63 կգ քաշային Արման Անդրեասյանը եւ 69 կգ քաշային Գեղամ Գալստյանը:

Մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանը տեղեկացրեց, որ մրցումներում երրորդ տեղ  են զբաղեցրել 42 կգ քաշային Գենիկ Ասատրյանը եւ 69 կգ քաշային Ղարիբ Գեւորգյանը:

Անդրադառնալով մարզադպրոցի սաների ցուցաբերած արդյունքներին` Սիմոնյանը նշեց, որ սա միջազգային կարգի խոշոր մրցաշար էր, որին մասնակցությունն արդեն իսկ խոսում է իրենց սաների մարզական բարձր ցուցանիշների մասին: 

«Փայլուն ելույթներ էին: Գոհ եմ արդյունքներից»,- նշեց Սիմոնյանը` հավելելով, որ թեեւ նշված մրցաշարում չկար թիմային հաշվարկ, այնուամենայնիվ, վաստակած մեդալների քանակով Արտաշատը առաջին տեղում էր:

Ըմբիշներն արժանացան մեդալների, պատվոգրերի եւ հուշանվերների:

 Արտաշատի մարզադպրոցից մրցաշար էին մեկնել 15 ըմբիշներ, որոնց մարզում են Ռաֆիկ Գոլեցյանը եւ Վարդան Գյուրջյանը: Մրցաշարին մասնակցում էին 1999-2001 թթ. ծնված ավելի քան 500 լավագույն ըմբիշներ հանրապետության բոլոր մարզերից, ԼՂՀ-ից, ՌԴ-ից, Վրաստանից, Իրանից:

Լիլիթ Մաճկալյան

 

Լրահոս

Դիտել ավելին