Երեւանում` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների հիմնարար գիտությունների համագործակցության Խորհրդի 4-րդ նիստը: Մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը եւ ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նիստին մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության ինչպես նաեւ ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Մասնավորապես քննարկվեցին համագործակցության հետագա զարգացման հարցերը, ԱՊՀ մասնակից պետությունների գիտական հետազոտությունների միջպետական հիմնադրամի ստեղծման հեռանկարները: Հավանության արժանացան ԱՊՀ մասնակից պետություններում ընդհանուր գիտական եւ իննովացիոն տարածության ձեւավորմանն ուղղված գիտաժողովների անցկացման եւ ԱՊՀ մասնակից պետություններում հիմնարար հետազոտությունների միջազգային գիտական կենտրոնների ստեղծման առաջարկները: Նիստում նշվեց ՀՀ ԳԱԱ-ի նշանակալից աշխատանքը` ուղղված ԱՊՀ մասնակից պետությունների գիտնականների հետ գիտական կապի պահպանմանը եւ զարգացմանը: Խորհրդի կողմից ընդունված բոլոր որոշումները ընդգրկվեցին արձանագրության մեջ, որը ստորագրեց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն