Կարևոր իրադարձություններ

Վերադարձ արմատներին. «Հրապարակ»

28 Ապրիլ, 2022 08:01
Վերադարձ արմատներին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Միշտ դեմ եմ եղել պաթետիկ լեքսիկոնին, ծեքծեքուն արտահայտություններին, ազգային-ազատագրական զեղումներին: Դրանցից միշտ նավթալինի հոտ եմ առել եւ  համարել եմ, որ եթե կա պետություն, եթե հայ ժողովուրդը ոչ թե քոչվոր ցեղ է, հայրենիքը կորցրած անտուն, վաչկատուն մի հանրույթ, ապա այդ զեղումներից ու ավելորդ զգացմունքայնությունից պետք է հրաժարվի ու պետություն կառուցի: Եվ անգամ ցեղասպանության ու մեր անմեղ զոհերի, Տիգրան Մեծի ու ծովից ծով Հայաստանի թեմաները շատ ծեծելը խեղճ, անճար, չկայացած ժողովրդի մասին է խոսում, դրանք չի կարելի շահարկել ու շահագործել, դրանցով թաքնվել ու շարունակ ողբալ:

Մի բացառություն, կարծում էի, կարելի է անել սփյուռքահայության համար, որն օտար երկրներում է ապրում եւ հայկականի պակաս ունի` կարող է Մասիս ու Արեւմտյան Հայաստան պաշտել, մեր կորցրած հողերից ու զոհված նախնիներից շարունակ խոսել, ազգային երգեր երգել, բանաստեղծություններ արտասանել, հուզվել այս թեմաների մասին խոսելիս եւ կարոտել մեր կորսված հայրենիքը: Իսկ Հայաստանում ապրողները պետք է պրագմատիկ լինեն` ուժեղ եւ եռանդուն, որ պետություն կայացնեն, բանակ ու տնտեսություն ստեղծեն, հարաբերություններ կառուցեն աշխարհի եւ հարեւանների հետ,  վերջապես` օրնիբուն աշխատեն: Եվ, անկեղծ ասած, հեգնում էի դաշնակցականների պաթոսն ու պատմական թեմաների հանդեպ սերը:

Բայց մեր պետության ընթացքը, ցավոք, գնաց այն ուղղությամբ, եւ հայրենիքն ու հայկականությունը մերժող անհայրենիք սրիկաների քանակն այնքան շատացավ, որ այսօր այլ ելք չեմ տեսնում, քան վերադառնալ ազգային ակունքներին, քարոզել ու պաշտել հայկականը, «նավթալինոտ» երգեր երգել ու հիշել Տիգրան Մեծին, կարդալ Թումանյան ու Նարեկացի, լսել Կոմիտաս եւ Անտունի: Վերադառնալ արմատներին»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին