Կարևոր իրադարձություններ

Հանձնարարվել է խստորեն վերահսկել համատիրությունների աշխատանքը (լուսանկարներ)

19 Հոկտեմբեր, 2015 16:03
Հանձնարարվել է խստորեն վերահսկել համատիրությունների աշխատանքը (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու` պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ երկու շաբաթների ընթացքում արձանագրվել է խախտման 79 դեպք: Զեկուցվել է նաև, որ նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է չնախատեսված վայրերում աղբը թափելու 143 դեպք, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում էլ հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 14 դեպքի մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին ու համապատասխան ծառայություններին հանձնարարել է ակտիվացնել այս ուղղությամբ տարվող աշխատանքները և գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում:

Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 42 վարչական արձանագրություն: 
Քաղաքաշինության ոլորտում նախորդ երկու շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 9 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 4 հասցեներում: 
Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: Զեկուցվել է, որ արդեն իսկ վերանորոգվել է 672 շենքերի հարթ տանիք, ինչպես նաև 719 շենքերի թեք տանիք: Զեկուցվել է նաև, որ աշխատանքները շարունակվում են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում ավարտել նախատեսված բոլոր աշխատանքները՝ խիստ վերահսկողության տակ պահելով կատարվող աշխատանքի որակը:
«Իմ խորին համոզմամբ այս ուղղությամբ աշխատանքները պետք է վաղուց ավարտված լինեին, ինչը չի արվել թերևս այն պատճառով, որ գնման գործընթացում ավարտական ժամկետն այնքան էլ ճիշտ սահմանված չէ: Այս մասով հաջորդող տարիների համար սահմանեք առավել խելամիտ ժամկետ: Իսկ այս տարվա աշխատանքների հետ կապված ակնկալում եմ, որ կարճ ժամկետում ամբողջությամբ ավարտեք այն, ընդ որում խստորեն հետևելով, որ դրանք կատարվեն որակյալ: Ի վերջո պետք չէ մոռանալ, որ այս աշխատանքների իրականացումը նախ և առաջ համատիրությունների ուղղակի պարտավորությունն է, և Երևանի քաղաքապետարանը ամեն տարի, որպես բարի կամքի դրսևորում, օժանդակում է այդ աշխատանքների կատարմանը: Ըստ այդմ, վարչական շրջանների ղեկավարները պետք է խստորեն պահանջեն ու վերահսկեն համատիրությունների աշխատանքը, որպեսզի ամեն ինչ կատարվի սահմանված ժամկետում ու համապատասխան որակով: Ոչ մենք և ոչ էլ մեր բնակիչները պարտավոր չենք համակերպվել իրենց սահմանած աշխատաոճին: Խստորեն հետևեք, որ ըստ պատշաճի կատարեն իրենց պարտավորությունները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքի փողոցների և բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ վարչական շրջաններում աշխատանքները հիմնականում ավարտված են: Աշխատանքներն ավարտական փուլում են Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջաններում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ հսկողություն իրականացնել և հետևել ասֆալտապատման աշխատանքների կատարման համար սահմանված ժամկետների և որակի պահպանմանը ևս: 
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում շարունակվում են կենսապահովման հաղորդուղիների անցկացման և անհրաժեշտ մյուս աշխատանքները: Ավարտվել են նախատեսված ասֆալտապատման և տարածքի արտաքին լուսավորության նոր ցանցի կառուցման աշխատանքները: Խմելու ջրի և ոռոգման խնդիրը լուծելու նպատակով կառուցվում են ջրագծեր, տեղադրվում նոր պոմպեր։ Էլեկտրամատակարարումն ապահովելու համար տեղադրվում են նոր հենասյուներ, կառուցվում ենթակայաններ: 
«Հաջորդ տարի Նոր Խարբերդ թաղամասում մենք պետք է շարունակենք աշխատանքները բոլոր ուղղություններով և 2016-2017 թվականներին ամբողջությամբ ավարտին հասցնենք նախատեսված ծրագիրը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակի, անվտանգության, սանիտարահիգիենիկ պայմանների ուսումնասիրման նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից շարունակվում են ստուգայցերը: Զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում կատարված ստուգումների ադյունքում սննդի որակի, պահպանման պայմանների և ժամկետների վերաբերյալ խախտումներ չեն արձանագրվել: 
Զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում են կանաչ տարածքների խնամքի և մաքրման աշխատանքները: Հանձնարարվել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ նախապատրաստվել աշնանային էտի աշխատանքներին:
Խորհրդակցության ավարտին նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթ «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումների շրջանակում շուրջ 1400 ժամկետային զինծառայողների ծնողներ հերթական անգամ հնարավորություն ունեցան այցելել սահմանամերձ զորամասեր՝ տեսակցելու իրենց որդիներին:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին