Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողն Արցախի բնակիչներին ահաբեկելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել, հարուցվել է քրգործ. Արցախի ՔԿ

09 Նոյեմբեր, 2021 00:09
Ադրբեջանի ԶՈւ զինծառայողն Արցախի բնակիչներին ահաբեկելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել, հարուցվել է քրգործ. Արցախի ՔԿ

2021 թ. նոյեմբերի 8-ին, ժամը 15:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի` գործով դեռևս չպարզված զինծառայողն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքից անցնելով Արցախի Հանրապետության Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք՝ Արցախի Հանրապետության բնակչությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու ձգտումով, ազգային, կրոնական ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ պահվող հրազենով կրակոցներ է արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով Ստեփանակերտ քաղաքի 1998 թ. ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանը գլխի շրջանում ստանալով հրազենային-գնդակային վիրավորում՝ տեղում մահացել է, իսկ Գևորգ Մելքումյանը, Գագիկ Ղազարյանը և Արմեն Սարգսյանն ստացել են հրազենային վիրավորումներ։  Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության պետ Մասիս Տեր-Թարխանյանի գլխավորությամբ կազմված քննչական խումբը։

 Փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 9-րդ, 14-րդ կետերով և ԱՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի դատավարական և քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին