Կարևոր իրադարձություններ

Մերկելն ու Դավութօղլուն քննարկել են փախստականների հարցը

18 Հոկտեմբեր, 2015 19:38
Մերկելն ու Դավութօղլուն քննարկել են փախստականների հարցը

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միգրացիոն հոսքերը պետք է լինեն օրինական ու վերահսկելի։ Դրա մասին այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

«Ողջ միջազգային հանրությունը պետք է միմյանց իրազեկելով զբաղվի փախստականների խնդրով։ Ընդ որում՝ չի հաջողվի այդ հարցը կարգավորել առանց Սիրիայում իրավիճակի կարգավորման։ Ապօրինի ներգաղթի դեմ պայքարը Գերմանիայի հետ համագործակցության մեր գլխավոր թեմաներից մեկն է»,- ասել է նա։

Դավութօղլուն հայտարարել է, որ հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել երկու երկրների՝ փախստականների հարցերով աշխատանքային խմբի նիստ։ Դավութօղլուի խոսքով՝ վերջին ամիսներին միջազգային հանրությունը սկսել է ավելի հումանիտար ու արդյունավետ մոտեցում ցուցաբերել փախստականների խնդրի հանդեպ՝ հավելելով, որ փախստականների խնդիրների բեռը պետք է հավասարաչափ կիսեն բոլոր պետությունները։

Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայում անվտանգության գոտու ստեղծումը կկանխի փախստականների նոր ալիքը՝ հիշեցնելով, որ Թուրքիան արդեն իսկ ապաստան է տվել ավելի քան 2 միլիոն սիրիացու։ Դավութօղլուն չի բացառել, որ ներկայումս Հալեպի համար սկսված մարտերը կարող են առաջացնել փախստականների նոր ալիք։

 

Լրահոս

Դիտել ավելին