Կարևոր իրադարձություններ

II կարգի հաշմանդամ գյումրեցի ծերունին օգնություն է խնդրում ՓՊ նախագահից ու ՄԻՊ-ից

18 Հոկտեմբեր, 2015 15:55
II կարգի հաշմանդամ գյումրեցի ծերունին օգնություն է խնդրում ՓՊ նախագահից ու ՄԻՊ-ից

«Առաջին լրատվական»-ն արդեն անդրադարձել էր Արթիկի սոցապահովության տարածքային բաժնի` 2-րդ կարգի հաշմանդամ ծերունուց դատական կարգով ավելի քան 4 միլիոն դրամ պահանջի դեպքին:

Այսօր «Առաջին լրատվական»-ին դիմեց սոցիալական արդարությանը կոչված պետական մարմնի թեթև ձեռքով դատարանում քաղաքացիական հայցի շրջանակներում պատասխանողի դերում հայտնված յոթանասունամյա Մնացական Պետրոսյանը, ով պատմեց, որ մի քանի օր առաջ, մոտավորապես հոկտեմբերի սկզբին իր փաստաբանը անակնկալ կերպով հրաժարվել է իր շահերը ներկայացնելուց և գործը հանձնել է:

«Երբ ես իմ իրավացիությունն ապացուցող փաստաթղթեր ներկայացրեցի ռուսերենով, դատավորն ասաց, որ դրանք պետք է թարգմանվեն հայերեն ու նոտարական հաստատում անցնեն, որպեսզի լինեն օրինական փաստաթղթեր հայերենով, քանի որ դատավարությունը հայերենով է: Ես էլ թարգմանել տվեցի, բոլոր օրինական տուրքերը վճարեցի թարգմանության ու նոտարական հաստատման հետ կապված ու արդեն օգոստոսի վերջին, նախավերջին դատական լսումից մի քանի օր անց, ներկայացրեցի իմ շահերը ներկայացնող փաստաբանին, որի գրասենյակը Մարալիկում է (ծերունին դժվարանում է նույնիսկ անունն արտաբերել.- Ա. Գ.), և խնդրեցի, որ հնարավորինս արագ փոխանցի դատարանին, որպեսզի գործս անհարկի չհետաձգվի: Սակայն, չնայած իմ խնդրանքին, փաստաբանը այդ նոտարական վավերացումով թարգմանությունները ներկայացրեց միայն սեպտեմբերի 29-ի դատական նիստին, ինչի պատճառով էլ հայցվոր կողմը ժամանակ խնդրեց, որպեսզի ծանոթանա ներկայացվածին, և դատը հետաձգվեց էլի մի ամիս: Ես իմ դժգոհությունը ներկայացրեցի փաստաբանին, ու անակնկալ կերպով վերջինս հրաժարվեց իմ շահերը ներկայացնելուց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պարոն Պետրոսյանը` հավելելով. «Հիմա ես չգիտեմ ինչ անեմ, ում դիմեմ, որ իմ շահերը պաշտպանի»:

Յոթանասունամյա հաշմանդամ ծերունին այլ ելք չունենալով, «Առաջին լրատվական»-ի միջոցով դիմում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ու ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին` խնդրելով օժանդակել իրեն դատական այս անհարկի քաշքշուկի մեջ ճիշտ կողմնորոշվելու ու պաշտպան գտնելու հարցում:

Պարոն Պետրոսյանը նաև նշեց, որ ինքը շատ հարցերում համաձայն չէ դատավարության ընթացքի ու կարգերի հետ:

«Երբ ես դիմեցի դատարանին՝ ասելով, որ տան դատավարության արձանագրությունները, ինձ ասացին, որ դրանք կրիչների վրա են ու թղթի տեսքով չեն: Ես երկրորդ կարգի հաշմանդամ մարդ եմ, գրեթե չեմ կարողանում խոսել ու ծանր եմ լսում, քանի որ կոկորդի օնկոլոգիական վիրահատություն եմ տարել, կրիչն իմ ինչին է պետք, երբ չեմ կարողանալու լսել, իսկ թղթի վրա գոնե կարողանալու եմ կարդալ»,- ամփոփեց Մնացական Պետրոսյանը՝ հույս հայտնելով, որ իր խնդրանքն անպատասխան չի մնա:

 

Լրահոս

Դիտել ավելին