Կարևոր իրադարձություններ

Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով. ԱԺ-ն օրենքն ընդունեց

19 Ապրիլ, 2021 10:29
Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով. ԱԺ-ն օրենքն ընդունեց

Ազգային ժողովի կողմից այսօր՝ ապրիլի 19-ին, ընդունվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 103 կողմ, 2  ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Օրենքի համաձայն կբարձրացվի պայմանագրային զինծառայության տարիքային շեմը։

Այսպիսով, օրենքի 30-րդ հոդվածում, որով սահմանվում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կարգը և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը՝ փոփոխություն կկատարվի, որի համաձայն․

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն կարող են անցնել՝

1) 18 տարին չլրացած քաղաքացիները՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու դեպքում.

2) պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները, ներառյալ` սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված անձինք.

3) նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 40 տարեկան՝ պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները և իգական սեռի քաղաքացիները` անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից, ինչպես նաև պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերում հաշվառված մինչև 50 տարեկան քաղաքացիները՝ զորամասային օղակում ծառայության նշանակվելու դեպքում։

2. Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել այն քաղաքացին՝

1) որն օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն.

2) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ որն ունի չհանված կամ չմարված դատվածություն.

3) որն առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:

3. Պայմանագիր կնքելը մերժելու դեպքում պետական լիազոր մարմինը պարտավոր է այդ մասին եռօրյա ժամկետում գրավոր ծանուցել քաղաքացուն՝ նշելով մերժման հիմքերը և պատճառները:

4. Պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը սահմանվում է`

1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 50 տարեկանը.

2) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 52 տարեկանը.

3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 55 տարեկանը.

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող զինծառայողների համար՝ մինչև 58 տարեկանը.

5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 60 տարեկանը.

6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը:

5. Սահմանային տարիքի հասած պայմանագրային զինծառայողների զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 5 տարի ժամկետով, յուրաքանչյուր դեպքում՝ մեկական տարով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով և կոլեգիալ որոշման հիման վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին