Կարևոր իրադարձություններ

Սևանա լիճը Հայաստանի շրջակա միջավայրի գոհարն է. Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է շաբաթօրյակի

17 Ապրիլ, 2021 16:37
Հեղինակ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Սևանա լիճը Հայաստանի շրջակա միջավայրի գոհարն է. Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է շաբաթօրյակի

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է շաբաթօրյակի եւ մեծ ծառատունկի աշխատանքներին: Նախարարին այցի ընթացքում ուղեկցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Ռոմանոս Պետրոսյանը շաբաթօրյակին մասնակցել է Սեւան քաղաքի հանրային լողափի տարածքում՝ միանալով «Սեւան Ազգային պարկ»-ի աշխատակիցներին, որոնց ուժերով իրականացվում էին լողափի սանիտարական մաքրման աշխատանքները:

Նախարարը խոսել է Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման, «Սեւան Ազգային պարկի» դերի ու նշանակության, Գեղարքունիքի մարզի բնապահպանական մյուս կարեւորագույն խնդիրների մասին:

«Սեւանա լիճը Հայաստանի շրջակա միջավայրի գոհարն է, իսկ նրա պահպանությունը՝ մեր գերակա խնդիրներից մեկը, գուցե նաեւ գլխավոր խնդիրը: Սովորաբար մաքուր է այնտեղ, որտեղ չեն աղտոտում: Ուստի մենք պետք է հասնենք նրան, որ Սեւանի ափամերձ տարածքներում ապրող բնակիչները, տնտեսավարող սուբյեկտներն իրենք առաջին հերթին հոգան ինչպես լճի ջրի մաքրության պահպանման, այնպես էլ նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման մասին, ըմբռնեն լճի անփոխարինելի բնապահպանական ու  տնտեսական արժեքը: Մենք այս ուղղությամբ արդեն տվել ենք մի շարք գործընթացների մեկնարկը, որոնք պետք է հասցվեն իրենց տրամաբանական ավարտին»,-ասել է նախարարը:

Շաբաթօրյակի աշխատանքների ավարտին նախարարն այցելել է «Սեւան Ազգային պարկի» Մարտունու տեղամաս՝ մասնակցելու մեծ ծառատունկի աշխատանքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին