Կարևոր իրադարձություններ

Գյումրիում վերաօծվեց Ս. Գրիգոր Լուսավորիչ /Գեղացոց ժամ/ եկեղեցին

17 Հոկտեմբեր, 2015 23:17
Գյումրիում վերաօծվեց Ս. Գրիգոր Լուսավորիչ /Գեղացոց ժամ/ եկեղեցին

Այսօր՝ հոկտեմբերի տասնյոթին, Գյումրիում, ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Միքայել եպս. Աջապահյանի, օծվեց Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը գյումրեցիների շրջանում հայտնի է «Գեղացոց ժամ» անունով:

Խորհրդային ժամանակներում եկեղեցին չի գործել ու ծառայել է ինչպես պետության, այնպես էլ տարբեր կառույցների համար որպես պահեստ:
Այժմ արդեն եկեղեցին նորից գործում է բարերարությամբ սոչիաբնակ Գագիկ Պետրոսյանի:

Ինչպես օծման արարողության ընթացքում իր քարոզի ժամանակ նշեց Միքայել Սրբազանը, օծման արարողությունը, նախնական պայմանավորվածության համաձայն, պետք է կատարվեր ձեռամբ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սակայն Վեհափառ Հոր Հռոմ մեկնելով պայմանավորված, օծումը կատարվում է իր կողմից:

Միքայել Սրբազանը նաև ընթերցեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը հղված Շիրակի թեմի հոգևորականաց դասին ու հավատացելոց եկեղեցու վերաօծման առիթով:

Հավարտ եկեղեցու օծման սրբազան արարողության Գարեգին Բ Ծայրագուն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով բարերար Գագիկ Պետրոսյանին շնորհվեց Հայ Առաքելական եկեղեցու Ս. Գրիգոր Լուսավորիչ պատվո բարձրագույն շքանշանը:

Արարողությանը մասնակցում էր նաև Շիրակի թեմի նախկին առաջնորդ, Գերաշնորհ Նարեկ եպս․ Շաքարյանը: Ներկա էին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և ուխտավորներ Հայաստանի տարբեր շրջաններից:

 

Լրահոս

Դիտել ավելին