Կարևոր իրադարձություններ

Ինչով է իրականում զբաղվելու Տիգրան Սարգսյանը

17 Հոկտեմբեր, 2015 18:47
Ինչով է իրականում զբաղվելու Տիգրան Սարգսյանը

Ղազախստանում կայացած Եվրասիական միության գագաթաժողովի ժամանակ, որին նախագահների մակարդակով մասնակցել են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանն ու Ղրղըզստանը, որոշվել է, որ Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում ռուս Վիկտոր Խրիստենկոյին փոխարինելու է Հայաստանի նախկին վարչապետ, ներկայում՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը:

Այս լուրը երեկվանից շարունակում է մնալ ինչպես հայկական, այնպես էլ ռուսական  մամուլի գլխավոր թեման և դեռ հավակնում է նոր ու ծավալուն քննարկումների առիթ հանդիսանալ:

Եվ  այսպես, փետրվարի 1-ից Տիգրան Սարգսյանը լինելու է հանձնաժողովի նախագահ և իրականացնելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդհանուր վերահսկողությունը, համակարգելու է հանձնաժողովի կադրային, ֆինանսական, իրավական գործունեությունը:

Վերոնշյալ հանձնաժողովը  սկսել է գործել 2012 թվականի փետրվարի 2–ից և հանդիսանում է ԵՏՄ-ի մշտական գործող կարգավորող մարմինը:

Կոլեգիայի նախագահը և  անդամները նշանակվում են 4 տարի ժամկետով Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի որոշմամբ՝ պետությունների ղեկավարների մակարդակով,լիազորությունների երկարաձգման հնարավորությամբ: Կոլեգիան որոշումներ է ընդունում քվեարկությանմիջոցով: Դրա յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայիս նախագահը՝ Վիկտոր Խրիստենկոն այս պաշտոնում է նշանակվել 2012թ փետրվարի 1-ից: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է 2016 թ. փետրվարին։ Վիկտոր Խրիստիենկոն տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: Նա 1998 թվականից աշխատել է ՌԴ-ի  Կառավարությունում՝ ՌԴ Վարչապետի տեղակալի, ՌԴ Վարչապետի առաջին տեղակալի, ՌԴ  Վարչապետի պաշտոնակատարի պաշտոններում:

Խրիստենկոն զբաղեցրել է նաև  Էներգետիկայի և Արդյունաբերության և առևտրի նախարարների պաշտոնները:

Խրիստենկոյից ոչ պակաս կարևոր  պաշտոններ է զբաղեցրել նաև Տիգրան Սարգսյանը:

Մասնագիտությամբ  տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Սարգսյանը 10  տարի զբաղեցրել է ՀՀ ԿԲ-ի նախագահի պաշտոնը, 2008-ին նշանակվել, ապա 2012-ին վերանշանակվել է վարչապետի պաշտոնում, իսկ 2014-ին ներկայացրել է իր հրաժարականը: Նրա հրաժարականից հետո որոշ ժամանակ անորոշ էր նախկին վարչապետի հետագան: Ակտիվ շրջանառվում էին տեղեկություններ, որ նա պատրաստվում է որոշ ժամանակ հանգստանալ: Ըստ նույն տեղկությունների, նրա մերձավոր շրջապատում չէին բացառում, որ նա կարող է բարձր պաշտոն ստանալ Մաքսային միության կամ Եվրասիական միության կառույցներից որևէ մեկում:

Մամուլն ակտիվ գրում էր, որ Արևմտյան որևէ կառույցում նրան պաշտոն տալու հավանականությունը գրեթե զրոյական է, սակայն նա դարձավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:

Տիգրան Սարգսյանի մասին այս ժամանակահատվածում թեև չէին մոռացել, բայց և ակտիվ չէին էլ հիշում, սակայն նա կարողացավ քաղաքական շոկ առաջացնել:

Սարգսյանին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակելու որոշումը կայացրել է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները պետությունների նախագահների մակարդակով:

Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով վարել է նախագահների նիստը, հայտարարել է, որ Տիգրան Սարգսյանին աջակցում է Ռուսաստանի նախագահը, ով ժամանակին աշխատել է նրա հետ: Սարգսյանը ներկայացվել է որպես շատ փորձառու, առաջադեմ մասնագետ:

Հայ քաղաքագետներն ու տնտեսագետները դեռևս չեն շտապում որևէ գնահատական տալ այս նշանակմանը, սակայն չեն էլ թաքցնում իրենց զարմանքը, քանի որ Տիգրան Սարգսյանը արևմտամետ հայացքներ ունեցող քաղաքական գործիչ է, ով ժամանակին ակտիվոներն դեմ է արտահայտվել Հայաստանի՝ ԵՏՄ կազմում ընդգրկվելու հարցի շուրջ:  

 

Լրահոս

Դիտել ավելին