Կարևոր իրադարձություններ

Քննարկվում է զոհված զինծառայողների, ազատամարտիկների երեխաների բուհական կրթությունը զեղչելու կամ անվճար դարձնելու հարցը

09 Նոյեմբեր, 2020 18:03
Քննարկվում է զոհված զինծառայողների, ազատամարտիկների երեխաների բուհական կրթությունը զեղչելու կամ անվճար դարձնելու հարցը

ԿԳՄՍ նախարարությունն ի՞նչ ծրագրեր ունի՝ զոհված զինծառայողների կամ ազատամարտիկների երեխաների բուհական կրթությունը զեղչելու կամ անվճար դարձնելու առնչությամբ նաեւ հանրակրթական դպրոցներում զինծառայողների երեխաների դասագրքերի վճարների հետ կապված:

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հարցրել է «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

«Օրերս ինձ դիմեց զոհված ազատամարտիկներից մեկի կինը: Դին դեռ չեն գտել, բայց դպրոցը շարունակում է ուզել դասագրքերի գումարը»,- նշել է Գրիգորյանը։ Նրա գնահատմամբ՝ զինծառայողների երեխաներին կարելի է դասագրքերն անվճար տրամադրել եւ ազատել նրանց այդ սոցիալական բեռից:

Առաջին հարցին՝ բուհական կրթությունը զեղչելու կամ անվճար դարձնելու առնչությամբ, պատասխանեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ մտածում են։

«Բուհերի ղեկավարների հետ խորհրդակցելով ենք անելու: Օգնության չափն ու ձեւերն ենք դիտարկում: Բայց վստահ եղեք՝ դա մեր ուշադրության կենտրոնում է: Ձեր առաջարկը նկատի կունենանք»,- նշել է նա։

Դասագրքերի հարցին անդրադարձել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը․

«Ամրագրված է, որ դասագրքերը կարող են առանց փոխհատուցման տրվել այն շահառուներին, ովքեր ունեն դրա կարիքը՝ սոցիալապես ավելի խոցելի խմբերին: Դպրոցներն ունեն իրավասություն կայացնելու համապատասխան որոշումներ եւ ցուցակները ներկայացնել՝ փոխհատուցման գործընթացի համար»։

Նա նաեւ հիշեցրել է, որ աջակցման ծրագիր ունեն՝ սահմանամերձ համայքների դպրոցների աշակերտների դասագրքերի վարձավճարների փոխհատուցման ծրագիրը։

Հավելել է, որ աջակցության գործիքները կարեւոր են, բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր պարտավորությունների կատարումը բերում է ոլորտային կայունության, ուստի աջակցությունը պետք է լինի շատ թիրախային:

 

Լրահոս

Դիտել ավելին