Կարևոր իրադարձություններ

Պուտինը երևի թե սխալ է տեղեկացված, թե իրականում ով է Տիգրան Սարգսյանը և ինչ է իրենից ներկայացնում

17 Հոկտեմբեր, 2015 15:48
Պուտինը երևի թե սխալ է տեղեկացված, թե իրականում ով է Տիգրան Սարգսյանը և ինչ է իրենից ներկայացնում

«Շատ ծիծաղելի է, որ ընդհանուր առմամբ արևմտամետ քաղաքականություն վարող, արևմտյան արժեքները գնահատող Տիգրան Սարգսյանը հիմա կտրուկ փոխում է իր կողմնորոշումը և դառնում ԵՏՄ-ի ամենակարկառուն դեմքերից մեկը»,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը անդրադառնալով ԵՏՄ գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանի նշանակմանը:

Քաղաքագետի խոսքով, մենք երևի թե շատ սխալ ենք իմացել, թե Տիգրան Սարգսյանը իրականում ով է. «Ես պետք է ողջունեմ այդ անձի ունակությունները պնակալեզության և հակապետական գործունեության առումով: Մարդ, որը ուղղակիորեն կազմաքանդել է ամբողջ Հայաստանը իր վարչապետության օրոք, մարդ, որը ուղղակի թալանի ենթարկեց ամբողջ երկիրը և դրա դիմաց ստացավ պաշտոն ԱՄՆ-ում՝ ի դեմս ՀՀ դեսպանի պաշտոնի, հիմա այդ մարդուն արդեն գնահատում եմ ԵՏՄ-ում: Շատ ուրախ եմ, որ այդ անձը որպես ական դրվում է ԵՏՄ-ի հիմքերի տակ, որ պայթեցնի այդ միությունը»:

Ըստ նրա, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը երևի թե սխալ է տեղեկացված, թե իրականում ով է Տիգրան Սարգսյանը և ինչ է իրենից ներկայացնում:

«Ես պատկերացնում էի, որ քաղաքական գործիչների մեծ մասը անդեմ են, չունեն կամ շատ արագ փոխում են իրենց կողմնորոշումը, բայց որ Տիգրան Սարգսյանը կարող է այս տիպի ոչ միայն անդեմ, այլ նաև լպրծուն անձնավորություն լինել, որ ամեն տեղ սրան կարելի է տեսնել, այ սա արդեն ինձ համար զարմանալի է»,-ընդգծեց նա:

Ըստ քաղաքագետի, Տիգրան Սարգսյանը 21-րդ դարի հայ քաղաքական գործիչների մեջ ամենավտանգավոր և ամենասարսափելի անձնավորություններից մեկն է:
«Ես չեմ պատկերացնում սա ով է: Մարդ, որը ժամանակին կանգնած էր Հայաստան-ԵՄ բանակցությունների կիզակետում, մարդ, որը հինգ րոպե պակաս արդեն ստորագրում էր Վիլնյուսի համաձայնագրերը, մարդ, որը աջ ու ձախ գովում էր եվրոպական արժեքները և հիմա գնում է ԵՏՄ, դե ինչ շատ լավ է»,-ասաց Գագիկ Համբարյանը:
Քաղքագետը կարծում է, որ այս կերպ Տիգրան Սարգսյանին մեծ լիազորություններ են տրվում ԵՏՄ շրջանակներում և սա կարող է դառնալ նրա տրամպլինը՝ Հայաստանի քաղաքական դաշտ հետ վերադառնալու համար: Միևնույն ժամանակ, քաղաքագետը հույս հայտնեց, որ Տիգրան Սարգսյանը զբաղեցնելով այդ բարձր պաշտոնը ԵՏՄ-ում, կլինի լուսանցքում և չի հայտնվի Հայաստանում:

Հիշեցենք, որ ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը հաջորդ տարվա փետրվարից կստանձնի Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս մասին երեկ Աստանայում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը վարելիս:

 

Լրահոս

Դիտել ավելին