Հագուստի և կոշիկի ներմուծմամբ և առևտրով քաղաքացիներն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։
Առևտրով զբաղվող քաղաքացիները նախկինում, իրենց խոսքով՝ 1 կիլոգրամի համար 3,25 դոլարին համարժեք դրամ, հիմա վճարելու են երկու անգամ ավել, մոտ 6,5 ու կես դոլարին համարժեք դրամ` գումարած փոխադրման ծախսը։
Առևտրականները կառավարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, անդրադառնալով խնդրին, ասացին․ «Մեզ ասում են՝ միասնական թանկանալու է՝ 1,5-ից երկու անգամ: Բայց անգամ այդքանով թանկացումը մեզ համար կլինի ջախջախիչ: Իրենք էլ շատ լավ գիտեն, որ փոքր ու միջին բիզնեսն այսօր ամենախոցելի խավն է Հայաստանում»։
Առևտրականներն ակնկալում են, որ ՊԵԿ-ը առնվազն մեկ տարով կհետաձգի մաքսազերծման գների բարձրացման որոշումը, կամ ՝ մաքսազերծումը կիրականացվի նախկին գներով։
Պետական եկամուտների կոմիտեի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը Shabat.am-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, ասաց․ «ՊԵԿ-ը ընդամենը կիրառողն է այս դեպքում, կարգը կա՝ պետք է կիրառվի։ Ինչ վերաբերում է կարգավորումներին, դա ՊԵԿ-ի կարգավորումը չէ, փոփոխությունները կատարվել են ԵԱՏՄ կարգավորման արդյունքում է»։
Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել հագուստի մաքսազերծման նոր չափորոշիչներ։ Այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, այլ հաշիվ ապրանքագրերում պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Սա նշանակում է, որ ներմուծվող հագուստը մաքսազերծվում է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։
Նախկինում մաքսազերծման այլ տարբերակ է գործել, երբ հաշվի չի առնվել ապրանքի իրական արժեքը և հաշվարկը կատարվել է կիլոգրամով։ Ներկայիս փոփոխությունը բերել է մաքսային արժեքի բարձրացման, ինչն էլ առաջացրել է առևտրականների դժգոհությունը։
Առևտրականների խոսքով` նոր կանոնակարգով իրենց ապրանքների մաքսազերծման գները 6 անգամ կբարձրանան, ինչը կազդի հագուստի գների և իրենց հետագա գործունեության վրա։
Այժմ սահմանված է հագուստի արժեքի 30%-ի չափով մաքսատուրքի վճարման համակարգ։ Սա նշանակում է, որ թանկացում սպասվում է, բայց ոչ թե 6, ինչպես պնդում են տնտեսվարողները, այլ 1,5-2 անգամ։ Օրինակ ՝ ներկրողը Թուրքիայում ջինս է գնում և դրա դիմաց վճարում է 7 դոլար, ապա մաքսազերծման համար պետք է վճարի մոտ 2,4 դոլար։ Հսկիչ գները սահմավել են շուկան ուսումնասիրելուց հետո, իսկ գներ կիրառվում են, քանի որ Թուրքիայից ներմուծած ապրանքի դեպքում հաշիվ-ապրանքագիրը ՀՀ-ում օրինական ուժ չունի։
Հիշեցնենք, որ մաքսազերծման նոր ընթացակարգը բխում է ԵԱՏՄ պարտավորություններից։ Ավելի քան 700 անուն ապրանքատեսակներ ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծելու դեպքում մաքսազերծվում են այլ դրույքաչափերով:
Մարիամ Մելքումյան