Կարևոր իրադարձություններ

Պաշտոնական տվյալներով Հայաստանում աղքատությունը 33 տոկոս է, ըստ Ադիբեկյանի` այն 50 տոկոս է

17 Հոկտեմբեր, 2015 12:43
Պաշտոնական տվյալներով Հայաստանում աղքատությունը 33 տոկոս է, ըստ Ադիբեկյանի` այն 50 տոկոս է

Այսօր «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց աղքատության վերաբերյալ որոշ տվյալներ: Նա նշեց, որ անցյալ տարի Հայաստանի 100 խոշոր համայնքներում 5 հազար ընտանիքների միջև հարցում է անցկացրել, ըստ այդմ, մեկ շնչին ընկնող եկամուտը ամսեկան կազմում է 26 հազարից մինչև 40 հազար դրամ, այսինքն երևանցիների մոտ 40 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ներքև, մարզերում` 64 տոկոսն է գտնվում աղքատության շեմից ներքև:

«Մեր տվյալներով այսօր Հայաստանում աղքատության ցուցանիշը մոտենում է 50 տոկոսի: Պաշտոնական տվյալները հայտարարում են 33 տոկոս աղքատության մասին: Յուրաքանչյուր 6-րդ ընտանիքը Հայաստանում ապրում է դրսից ուղարկած գումարով, 25 տոկոսը պետությունից նպաստ է ստանում, 33 տոկոսն է կարողանում ապրել իր աշխատավարձով»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: Հարցումները, թե ինչպես են պատկերացնում պայքարը աղքատության դեմ, հայաստանցիները պատասխանել են, որ պետք է ստեղծել աշխատատեղեր, բարձրացնել աշխատավարձերը, հարցվածների 5 տոկոսն էլ կարծում է, որ պետք է հարուստներից վերցնել ամբողջ հարստությունը ու բաժանել բոլորին:

Ադիբեկյանը կարծում է, որ պետք է աշխատավարձերը բարձրացնել, որ հնարավոր լինի ապահովել սպառման որոշակի մակարդակ, ահա ինչու են մեկը մյուսի հետևից փակվում խանութները, հատկապես հագուստի խանութները: Ըստ Ադիբեկյանի, խորացող աղքատության դեմն առնելու համար պետությունը պետք է կարողանա ստեղծել խոշոր հիմնարկություններ, փոքր ու միջին ձեռնարկություններ` ապահովելով աշխատատեղեր, այնինչ նման միտում Հայաստանում չի նկատվում:

«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, թե ձգտելու են օդիոզ ծրագրեր իրականանցնել, բայց ոչ մի խոշոր ծրագիր չիրականացվեց: Մինչև 1994թ-ը Հայաստանում կար 1000 գործարան, որոնց մեծ մասը հետագայում լուծարվեցին : Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու համար Հայաստանին պետք է 150 միլիարդ դոլար, որ հնարավոր լինի բացել գոնե մի 15 խոշոր ձեռնարկություն»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին