Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է ադրբեջանական քարոզչության հերթական անհաջող փորձը. տարածվել է մոնտաժված տեսանյութ, որում իբրև Ադրբեջանի քաղաքացիները շրջում են Երևանում․ ԱԱԾ (տեսանյութ)

23 Հունիս, 2020 11:45
Բացահայտվել է ադրբեջանական քարոզչության հերթական անհաջող փորձը. տարածվել է մոնտաժված տեսանյութ, որում իբրև Ադրբեջանի քաղաքացիները շրջում են Երևանում․ ԱԱԾ (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող կեղծ օգտատերերին: Այս մաիսն տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես՝ ս.թ. մայիսի 21-ին «WhatsApp» բջջային հավելվածում գրանցված ուկրաինական +380963496856 հեռախոսահամարի բաժանորդ ոմն «Alex»-ի և «YouTube» սոցիալական կայքում «Armen Tigranian» տվյալներով օգտատիրոջ կողմից տարածվել է տեսանյութ, որում իբրև Ադրբեջանի քաղաքացիներն անարգել շրջում են Երևանում, որտեղ մնացել են կորոնավիրուսի պատճառով, և իրականացնում տեսանկարահանումներ, իսկ Հայաստանի հատուկ ծառայություններն անգործության են մատնված:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տարածված տեսանյութը մոնտաժման արդյունք է, որին կցվել է նախապես պատրաստված ձայնագրությունը:

Պարզվել է նաև, որ նշված տեսագրությունը տարածելու համար ուկրաինական +380963496856 հեռախոսահամարի բաժանորդը «Վոթսափ» հավելվածում գրանցել է խումբ, որում ներառել է մի քանի տասնյակ հայկական հեռախոսահամարներ և միաժամանակ վերջիններիս ուղարկել այդ տեսագրությունը:

Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծ և սիրողական մակարդակով բարձրացնել անդունդում գտնվող ադրբեջանական ժողովրդի «մարտական ոգին»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեկ անգամ ևս հորդորում ենք բջջային հավելվածներով և սոցիալական կայքերով շփումներում լինել առավել զգոն, ցուցաբերել զգուշավորություն ու շրջահայացություն, չմատնվել խուճապի ու չտարածել նման օրինակ տեսանյութեր, իսկ այդպիսի տեսանյութերի ստացման դեպքում ուղարկող օգտատերերի մասին տեղեկացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին