Կարևոր իրադարձություններ

Լիտվայից Հայաստան է ժամանելու մասնագետների խումբ․ առցանց տեսազրույց Լիտվայի առողջապահության նախարարի հետ

16 Հունիս, 2020 21:59
Լիտվայից Հայաստան է ժամանելու մասնագետների խումբ․ առցանց տեսազրույց Լիտվայի առողջապահության նախարարի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանի ու Աուրելիուս Վերիգայի առցանց տեսազրույցը, որին մասնակցել են երկու երկրների առողջապահության նախարարությունների պատասխանատուներ, փորձագետներ: Գործընկերները քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես նաև՝ այս շաբաթ Լիտվայից Հայաստան ժամանող բժշկական թիմի այցի հետ կապված աշխատանքային հարցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի առողջապահության ոլորտի պատասխանատուին՝ Լիտվայի կողմից Հայաստանին կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև մասնագիտական փոխգործակցության համար:

Նախարարը նշել է, որ երկրում ձեռնարկված մեծածավալ միջոցառումների պայմաններում անգամ գրանցվում է կորոնավիրուսային հիվանդացության աճ։ Այդ իսկ պատճառով դիմում ենք մեր գործընկերների օգնությանը: Նա վստահություն է հայտնել, որ Լիտվայից ժամանող բժշկական թիմի փորձն իր մեծ նպաստը կբերի կորոնավիրուսային հիվանդությունը մեր երկրում հաղթահարելու հարցում:

«Այս առաքելությունը մեր երկրների միջև բարեկամության կարևոր արտահայտություն է»,- ասել է Արսեն Թորոսյանը, հավելելով, որ կողմերի միջև նախապես պլանավորված ծրագրերն ու հանդիպումները հետաձգվել են այս իրավիճակով պայմանավորված, սակայն համավարակի ավարտից հետո դրանք կարող են վերսկսվել:

Լիտվայի առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան վերահաստատել է այս իրավիճակում հանդիպումները հետաձգելու անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ ապագայում փոխայցելություն կկատարվի:

Աուրելիուս Վերիգան ներկայացրել է Հայաստան ժամանող բուժաշխատողների կազմը, նրանց փորձառությունը և այն սպասելիքները, որ կարող է ունենալ Հայաստանը: Նախարարը շեշտել է, որ կամավորների թիմն ի սկզբանե զբաղվել է COVID-19-ի բուժմամբ և կարող է նաև կազմակերպչական հարցերով օգտակար լինել:

Ինֆեկցիոն հիվանդությունների գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Նարինա Սարգսյանցը ներկայացրել է մեր երկրում կորոնավիրուսով պայմանավորված վերջին օրերի ցուցանիշները, բուժման մոտեցումները, հոսպիտալացման պայմանները, դեղերի նշանակման գործընթացը, տնային պայմաններում բուժման ընթացակարգը և այլ մանրամասներ: Մասնագետը նշել է, որ այս պահին երկրում գործում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող շուրջ 17 հիվանդանոց` Երևանում և մարզերում:

Աուրելիուս Վերիգան շնորհակալություն է հայտնել տեղեկատվության փոխանակման և փոխադարձ ջանքերի առնչությամբ:

Նշենք, որ Լիտվայից ժամանող մասնագետների թիմը` 8 բուժաշխատող, 3 փորձագետ, Հայաստան կժամանի հունիսի 19-ին: Միաժամանակ,  բժշկական սարքեր և ախտորոշիչ թեստեր կնվիրաբերվեն մեր երկրին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին