Կարևոր իրադարձություններ

Տհաճ անակնկալ Հովիկ Աբրահամյանի համար. lragir.am

17 Հոկտեմբեր, 2015 10:46
Տհաճ անակնկալ Հովիկ Աբրահամյանի համար. lragir.am

Lragir.am-ը գրում է. 

Հովիկ Աբրահամյանը ոչիշխանական շարժում կսկսի՞ ԵՏՄ դեմ 

Ղազախստանում տեղի ունեցած ԵՏՄ Վեհաժողովի ընթացքում կայացվել է անականկալ, Հայաստանի ներքին կյանքի համար սենսացիոն որոշում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ է նշանակվել Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը:

 Նա իր պաշտոնը ստանձնելու է 2016 թվականի փետրվարին, երբ լրանում է ԵՏՄ տնտեսական կոլեգիայի ներկայիս նախագահ Վիկտոր Խրիստենկոյի պաշտոնավարումը: Այդ պաշտոնի համար սահմանվել է ռոտացիոն կարգ, եւ Վեհաժողովը որոշել է, որ այդ կարգով նախագահությունը պետք է սկսի Հայաստանից, ու Հայաստանից էլ ներկայացվել է Տիգրան Սարգսյանը:

 Այդ որոշումը չափազանց հետաքրքիր իրավիճակ է առաջացնում առաջին հերթին Հայստանի ներքին կյանքի կտրվածքով:

 Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ եղավ 2014 թվականի ապրիլին, երբ Հայաստանի ոչիշխանական բեւեռը հայտարարեց շուրջօրյա հանրահավաքներ սկսելու մտադրության մասին՝ նրա հրաժարականի պահանջով:

 Սերժ Սարգսյանը կանխեց դա, պաշտոնանկ անելով Սարգսյանին: Ոչիշխանական ալիքի վրա վարչապետ նշանակվեց այդ բեւեռի առաջնորդ Ծառուկյանի խնամին՝ Հովիկ Աբրահամյանը, որը դեռեւս 2008 թվականի նախագահի փոփոխությունից հետո ինքն էր ակնկալում հայտնվել վարչապետի տեղում եւ չներեց Տիգրան Սարգսյանին, որ իր փոխարեն նշանակվել էր վարչապետ:

Տիգրան Սարգսյանը հայտնվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի կարգավիճակում: Կարծիքները հակասական էին՝ Սերժ Սարգսյանը նրան Արեւմուտքի հետ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի բավական վատթարացած հարաբերության կարեւորագույն՝ ԱՄՆ ուղղությամբ վերականգնման հույժ կարեւոր առաքելությո՞ւնն էր վստահում, թե՞ աքսորում էր նույն ոչիշխանական բեւեռի պահանջով: Lragir.am-ն արտահայտեց կարծիք, վարկած, որ Սերժ Սարգսյանն ավելի շուտ պարզապես հնարավորինս հեռացնում է Տիգրան Սարգսյանին, նրա «երկրորդ գալուստը» պատրաստելու համար:

 Ու շատ հավանական է, որ ԵՏՄ տնտեսական կոլեգիայի ղեկավարի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակումը հենց այդ ճանապարհի մի մասն է, այսինքն Սարգսյանը մոտենում է Հայաստանին, ընդ որում բավական ազդեցիկ հանգրվանով՝ ԵՏՄ Տնտեսական հանձնաժողով, փաստացի ԵՏՄ կառավարություն:

 Ի դեպ, այդ իմաստով ԵՏՄ որոշումը տհաճ անակնկալ է առաջին հերթին Հովիկ Աբրահամյանի համար, քանի որ նա կարծես թե հասել էր իր առանցքային ախոյանի հեռացմանը վարչապետի պաշտոնից, բայց ահա հազիվ մեկ տարի է անցել, ու Տիգրան Սարգսյանը նշանակվում է ԵՏՄ վարչապետ, որը դե ֆակտո ավելի վեր է ԵՏՄ անդամ Հայաստանի վարչապետի պաշտոնից: Այսինքն, Հովիկ Աբրահամյանը դառնում է Տիգրան Սարգսյանի դե ֆակտո ենթական:

Ըստ երեւույթին, Հովիկ Աբրահամյանին այլ բան չի մնա, քան Հայաստանում սկսել ԵՏՄ-ից դուրս գալու պահանջով ոչիշխանական շարժում:

 Նոր պաշտոնում Սարգսյանն անշուշտ ստանում է Հայաստանի ներքին կյանքում ազդեցության նոր եւ լայն հնարավորություն: Փաստացի, 2014-ի ապրիլին ներքաղաքական զարգացումների զոհի կարգավիճակում հայտնված Սարգսյանը 2015-ի հոկտեմբերին հայտնվում է ներքաղաքական զարգացումների գլխին:

Թե ինչ դրսեւորում կունենա դա Հայաստանում, դժվար է ասել, բայց Սարգսյանը ներկայում հայտնվում է ավելի շահեկան վիճակում, քան Հայաստանի վարչապետի պաշտոնում էր: Բանն այն է, որ վարչապետի պաշտոնում քննադատում կամ հայհոյում էին նրան, իսկ ԵՏՄ փաստացի վարչապետի պաշտոնը այդ իմաստով «զրահապատ» է, որովհետեւ շատ դժվար կլինի քննադատել Սարգսյանին առանց ԵՏՄ-ին դիպչելու: Իսկ դա Հայաստանում բավական նուրբ հանգամանք է Հայաստանի քաղաքական ուժերի համար:

 Ի դեպ, այստեղ առկա է եւս երկու էական հանգամանք: Փաստորեն, Տիգրան Սարգսյանի նշանակումով հայտնի օֆշորային գործը վերցվում է ԵՏՄ «հովանու» ներքո: Հետաքրքիր է, արդյոք օֆշորային պատմության համար նրան արդարացիորեն հայհոյող ընդդիմադիր ուժերը նույն կերպ արդարացիորեն կուղղեն հայհոյանքն ու քննադատությունը Տիգրան Սարգսյանի նշանակման որոշում կայացնող ԵՏՄ նախագահներին, այդ թվում Պուտինին: Չէ՞ որ նրանք օֆշորային պատմությանը խառնված Տիգրան Սարգսյանին նշանակում են բարձր պաշտոնի:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին