Կարևոր իրադարձություններ

Դատավորի աշխատասենյակը խուզարկած ՀՔԾ քննիչի նկատմամբ քրգործ կհարուցվի

04 Մայիս, 2020 20:28
Դատավորի աշխատասենյակը խուզարկած ՀՔԾ քննիչի նկատմամբ քրգործ կհարուցվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելիս ՀՔԾ քննիչի կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանից։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը։ 

Հուլիսի 16-ին ՀՔԾ աշխատակիցները մեկ այլ քրեական գործի շրջանակում խուզարկել էին Գրիգորյանի աշխատասենյակը եւ կնիքել այն։ Աշխատասենյակից կատարվել էին առգրավումներ։ Սրանից հետո նրա պաշտպանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որտեղից նյութերն ուղարկել էին Դատախազություն: Դատախազությունն էլ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկել էր ԱԱԾ: Հուլիսի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով և 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում էր կայացրել:

Թեև անգամ ԲԴԽ-ն հայտարարել էր, որ քննիչը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն՝ կնիքելով դատավոր Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը:

«Ըստ էության ՀՔԾ քննիչի նկատմամբ քրեական գործ կհարուցվի»,- նշել է Գեորգի Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները դադարեցված են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին