Կարևոր իրադարձություններ

Նախկինում և հիմա. Իշխանությունն ընդդեմ Կորոնավիրուսի

03 Մարտ, 2020 17:45
Նախկինում և հիմա. Իշխանությունն ընդդեմ Կորոնավիրուսի

 Որքանո՞վ է իշխանությունը արդյունավետ պայքարում Կորոնավիրուսի դեմ: Քանի որ ամեն ինչ պարզվում է համեմատության մեջ, վերհիշենք անցյալը և զուգահեռներ անցկացնենք ներկայիս իշխանության գործողությունների միջև:  

 1. Եթե նախկինում անհրաժեշտ լիներ փակել Հայաստանի որևէ սահման, նախարարները նախ պիտի այդ որոշումը համաձայնեցնեին իրենց բիզնես շահերի, հետո իրենց վերադասի ու նրա ընտանիքի անդամների փողային շահերի հետ և հետո միայն որոշում կայացնեին: Չէ՞ որ Իրանի կամ Իտալիայի սահման փակելիս առաջնային էր ոչ թե հանրային առողջությունը, այլ բիզնեսմեն պաշտոնյաների ներկրվող ֆուռերն ու միլիոնավոր դոլարների շրջանառությունները: Հիմա հանրության մի փոքր հատվածը ֆեյսբուքում մտահոգություն է հայտնում, որ մի քանի ժամվա մեջ նախարարն ու վարչապետը խորհդակցություններ են անցկացնում և հաստատապես առանց որևէ անձնական կամ բիզնես շահի որոշում են ընդունում, թե երկրի որ սահմանի հետ ինչ արվի:  

 2. Նախկինում, երբ իրավիճակը լարվում էր, ապա ժամեր, օրեր կամ նույնիսկ շաբաթներ շարունակ բարձր օղակի ոչ մի պաշտոնյայի հնարավոր չէր լինում գտնել, որպեսզի հանրությունը պարզաբանում ստանա: Շատ ավելի նախկինում առանձնապես լրագրող էլ չէին թողել, որ ռիսկ աներ լարված ժամանակներում պարզաբանում ուզել: Միայն երբ հանրային հիստերիան հասնում էր պիկին, իսկ նախկինների անդրկուլիսային բոլոր անձնական ու տնտեսական շահերը պաշտպանող որոշումը իրագործված էր լինում, ոլորտի նախարարը սկսում էր կիսաճշմարտության փշուրներ շպրտել հանրությանը: Եթե ճգնաժամը շատ հաջող էր լուծվում, երկրի առաջնորդն իրեն թույլ էր տալիս պատասխանել մի քանի յուրային լրագրողի հարցերի: Հիմա նախարարներն ու երկրի առաջնորդը օրվա մեջ մի քանի անգամ ուղիղ եթերներով հանրությանն իրազեկում են ամեն մի շարժի ու ամեն ինչի մասին: Ոչ ոք այլևս չի կասկածում, որ երկրում կարող են լինել կորոնավիրուսով ավելի շատ վարակվածներ  կամ ավելի վատ իրավիճակ, քան ներկայացվում է պաշտոնյաների կողմից:  

3. Նախկինում իշխանական թիմից որևէ պաշտոնյա չէր համարձակվի ընդհանուր պաշտոնական գծի դեմ մի բան ասել, այն էլ՝ լարված իրավիճակներում: Այժմ ԱԺ իշխանական հանձնաժողովի նախագահ Զեյնալյանը կարող է ՁԻԱՀ-ի կենտրոնի հետ կապված միտինգ անել իրենց իսկ նախարարի դեմ: Իշխանական պատգամավոր Լուլուն կարող է Կորոնավիրուսի դեմ պայքարի ամենածանր օրը հրապարակային մուննաթ գալ նախարար Թորոսյանի վրա, որ չի եկել հենց այդ ծանր օրը կազմակերպված երկրորդական հարցով քննարկմանը: Պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի երգիչ-նախագահ Արծրունին առանց որևէ ողջամիտ հիմքի և անձնական կոնֆլիկտների պատճառով կարող է պահանջել նախարարի պաշտոնանկությունը՝ վիրուսի դեմ կռվի հենց ամենաթեժ պահին: Փաստորեն նախկինում, եթե նույնիսկ խաբում էին կամ թալանում, ապա դա արվում էր կուռ ու միասնական թիմով, իսկ հիմա ներթիմային պսևդո-դեմոկրատիան  թուլացնում է լարված, գրագետ ու ազնիվ աշխատող իշխանական թիմի արդյունավետությունը: Ճիշտ են նախկինները՝ հաստատ ամեն ինչը չէ, որ հիմա ավելի լավ է:  

4. Միայն երևակայել կարելի է, թե նախկինում պետական բյուջեից ինչ գումարներ դուրս կգրվեին կորոնավիրուսի դեմ պայքարի համար, ու ինչ դղյակներ կկառուցեին մի քանի իշխանամերձ արտոնյալներ՝ այս շահավետ առողջապահական առիթի շնորհիվ: Հիմա այդ գումարներով մարդկանց պահում են հենց նման փողերով կառուցված և պետությանը վերադարձված դղյակներից մեկում՝ սովորական մարդկանց վրա ծախսելով այն գումարները, որոնց հարյուր կամ հազարապատիկները կլցվեին առանձին նախարարների, հիվանդանոցի տնօրենների և պետպատվերը ամեն առիթով յուրացնող այլ պաշտոնյաների գրպանները:  

Այսպիսով, նախկինում կլիներ իր բիզնես շահերը առաջ բրդող մի կուռ իշխանական թիմ, իսկ հիմա կա ժողովդրի շահերի համար աշխատող մի թիմ, որի ռեսուրսներն ու նյարդերը մաշեցնում են ոչ միայն հենց այդ նույն նախկիններն ու նրանց փողերով խուճապ տարածողները, այլև դեմոկրատիայի տեղն ու իմաստը չհասկացած ներթիմային թշնամիները: 

 

Լրահոս

Դիտել ավելին