ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը:
Այս արդյունքները 15.07.2019թ. պաշտոնական գրությամբ ուղարկվել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի էլեկտրոնային փոստին, սակայն կոմիտեի համապատասխան աշխատակիցները, խախտելով ներքին գործավարության կարգով սահմանված պահանջները, այն չեն մուտքագրել «Mulberry» էլեկտրոնային համակարգ, դրանց համապատասխան ընթացք չեն տվել: Իսկ կոմիտեի նախագահին զեկուցվել է, որ աուդիտի մասով առանձնահատուկ խնդիրներ առկա չեն եղել։
Արդյունքում միջազգային կազմակերպությունում կասկածի տակ է դրվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հեղինակությունը, մասնավորապես՝ կոմիտեի կողմից իր գործառույթների պատշաճ կատարման հանգամանքը, վտանգ է ստեղծվել, որ առհասարակ արգելվեն ՀՀ-ում գրանցված օդանավերի թռիչքները ԵՄ տարածքում։
Բացի այդ, Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) «Թռիչքային պիտանիության պահպանում» «ՓԱՐՏ-Մ (PART-M)» կանոնակարգի կիրարկման շրջանակներում, սահմանված ստանդարտների, ընդունելի տարբերակների և ուղեցույց նյութերի համապատասխանությունը պարզելու և խնդիրները վերհանելու համար, յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ Կոմիտեի կողմից ՍՊԸ-ում իրականացվել են տեսչական ստուգումներ:
Դրանց արդյունքներն ամփոփող համապատասխան ստուգաթերթերի, օդանավ շահագործողի վկայականը երկարաձգելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերի տվյալների՝ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից նույն ընկերությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների հետ համեմատական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2016-2019թթ. տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների ժամանակ ոչ միայն չեն հայտնաբերվել Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության արձանագրած խախտումները, այլ մի շարք դեպքերում համապատասխան ստուգաթերթերում տեղեկություններ են ներառվել առ այն, որ դրանք, այդ թվում՝ թռիչքային անվտանգության վերաբերյալ, համապատասխանում են սահմանված չափորոշիչներին և պահանջներին: Արդյունքում ընկերությունը շարունակել է իր գործունեությունը՝ անվտանգության վրա ուղղակի ազդեցություն ունեցող խախտումներով։
Նկատի ունենալով, որ ուսոմնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: