Կարևոր իրադարձություններ

Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը հագեցած է. ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ

07 Հոկտեմբեր, 2015 14:54
Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը հագեցած է. ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ

Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգը հագեցած է ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբեր ծրագրերով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ համագործակցության հիմքում ընդհանուր արժեքներն են, եւ Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ համագործակցության շարունակական զարգացման հարցում: Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել մեր երկրում ԵՄ պատվիրակության հետ համատեղ աշխատանքից եւ նշել, որ առկա է մեծ ներուժ՝ երկկողմ բազմաոլորտ կապերը սերտացնելու եւ առաջընթացի ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար: Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել Պյոտր Սվիտալսկիին պաշտոնավարման մեջ եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի փոխշահավետ գործակցության զարգացմանը:

ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ՀՀ-ԵՄ կապերը խորացնելու եւ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Դեսպան Սվիտալսկին եւս ընդգծել է, որ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հիմնաքարն ընդհանուր արժեքային համակարգն է, եւ ԵՄ-ն շահագրգռված է մեր երկրի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնման հեռանկարների եւ առաջիկա անելիքների շուրջ: Երկուստեք բարձր է գնահատվել 2015 թ. հուլիսին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցը Հայաստան: Այս համատեքստում կարեւորվել են երկկողմ բարձրաստիճան շփումները, որոնք հնարավորություն են տալիս քննարկել ընթացիկ ծրագրերը եւ նախանշել համագործակցության նոր ուղղություններ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական ֆինանսական եւ խորհրդատվական օժանդակության համար՝ շեշտելով, որ կառավարությունն ակտիվ համագործակցում է ԵՄ տարբեր կառույցների հետ եւ հետեւողական է ձեռք բերվող բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:

 

Լրահոս

Դիտել ավելին