Կարևոր իրադարձություններ

Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչն այցելեց Մոսկվայի հոգևոր ակադեմիա

16 Հոկտեմբեր, 2015 16:16
Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչն այցելեց Մոսկվայի հոգևոր ակադեմիա

Հոկտեմբերի 14-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը Մոսկվայում ներկա գտնվեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայի հիմնադրման 330-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարությանը:

Հանդիսության ընթացքում Հայր Գարեգինն ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական գիրը, որով Նորին Սրբությունն իր Հայրապետական օրհնությունն ու գնահատանքն է հղել հոգևոր հաստատության տեսչական ու դասախոսական կազմին, ինչպես նաև ուսանողությանը հաստատության հիմնադրման օրվա ուրախալի առիթով:

«…Հոգևոր-կրթական հաստատությունները մեծ գործունեություն են իրականացնում՝ տերունավանդ առաքելության համար արժանի մշակներ պատրաստելու: Եկեղեցականաց նոր սերունդը հոգևոր բարձրագույն ուսումնական հաստատությունների օրհնյալ հարկի ներքո, ամբարելով փորձառություն և գիտելիքներ, լծվում է Աստծուն և հավատավոր ժողովրդին նվիրյալ ծառայության՝ աշխարհում տարածելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանի լույսը: Հոգևոր-կրթական հաստատությունների գործունեությունը, հիրավի, առավել արդյունազարդվում է քույր Եկեղեցիների կրթական հաստատությունների համագործակցությամբ ու շահեկան փոխահարաբերություններով:

Տարիների ընթացքում մեր Եկեղեցիների կրթական հաստատությունների գործակցությունը ևս մշտապես արգասավորվել է բարի արդյունքներով: Դրա վառ ապացույցն է ուսանողների փոխանակման գործընթացը, որ սկզբնավորվել է դեռ տասնամյակներ առաջ: Մոսկվայի հոգևոր ակադեմիայում իրենց ուսումնառությունն են շարունակել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներ, այդ թվում նաև Մենք, և այսօր ջերմությամբ ենք հիշում Ռուս Ուղղափառ Եկեղեցու այս կարևոր հոգևոր կրթօջախում Մեր ուսանողության տարիները: Գոհունակություն է Հայոց Հայրապետիս համար, որ այսօր էլ շարունակվում է փոխգործակցության այս բարի ավանդույթը թե՛ Մոսկվայի ակադեմիայից Գևորգյան հոգևոր ճեմարան սաների և դասախոսների այցելությամբ և թե՛ Ձեր Ակադեմիայում մեր եկեղեցականաց ստացած աստվածաբանական կրթությամբ», - ի մասնավորի ասված է Վեհափառ Հայրապետի ուղերձում:

Այցի ընթացքում Գարեգին վարդապետը հանդիպումներ ունեցավ հոգևոր ակադեմիայի ռեկտոր Գերաշնորհ Եվգենի արքեպիսկոպոս Վերեյսկու և կրթական ու կարգապահական գծերով պրոռեկտորների հետ, քննարկեց երկու կրթօջախերի համագործակցության առաջիկա ծրագրերը:

Գևորգյան ճեմարանի տեսչին ուղեկցում էին Մոսկվայի հոգևոր ակադեմիայում իր հոգևոր ուսումնառությունը շարունակող Մայր Աթոռի միաբան

Հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Խանանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին