Կարևոր իրադարձություններ

Հատկապես երեխաների սպանության դրվագը Պերմյակովն ամեն անգամ տարբեր կերպ է նկարագրել

16 Հոկտեմբեր, 2015 15:29
Հատկապես երեխաների սպանության դրվագը Պերմյակովն ամեն անգամ տարբեր կերպ է նկարագրել

Ինչպես հայտնի է, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով մեղադրյալ Վ.Պերմյակովի նկատմամբ նշանակված դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն, Վ.Պերմյակովը հանցավոր արարքի կատարման պահին չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում։ Նրա մոտ առկա չեն եղել որևէ ակտիվ հոգեախտաբանական ախտանիշներ, գիտակցության խանգարման երևույթներ, և նա ամբողջովին կարող էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և հակահասարակական բնույթը և ղեկավարել դրանք: Վ.Պերմյակովն իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ։

Այսօր Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները մամլո ասուլիսում մի քանի կարեւոր հանգամանքներ են ներկայացրել գործի առնչությամբ:

Ըստ փաստաբանների՝ չնայած այն հանգամանքին, որ Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել, այնուամենայնիվ,  հայկական կողմի հոգեբանների հետ նրա շփումից պարզ է դարձել, որ նրա մոտ այնուամենայնիվ ինչ-որ խնդիրներ կան:

Հատկապես երեխաների սպանության դրվագին անդրադառնալիս նա երկակի ձեւով է արձագանքել:

Լ. Սահակյանը ներկայացրեց Վ. Պերմյակովի եւ հայկական հոգեբանների հետ զրույցից մի դրվագ, որը պատմել են հենց հոգեբանները.

«Ասում էր՝ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես սպանեցի երեխաներին, նրանք իմ համար ծաղիկներ են, շատ եմ սիրում երեխաների»: Ըստ փաստաբանի՝  միեւնույն ժամանակ նա շարունակել է ժպտալ, իսկ երբ հարց են տվել՝ հոգիդ չի՞ ցավում, պատասխանել է, որ ոչ մի տեղն էլ չի ցավում:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ Պերմյակովը նույնիսկ սպանության առանձին դրվագներ նկարագրում է  տարբեր ձեւով:

Հասմիկ Սարգսյանին՝ երեքամյա փոքրիկին, մեկ ասում է սպանել է կրակելով, մեկ ասում է, որ դանակով է սպանել:

Երբ նկարագրում է երեխաների սպանությունը, ասում է, որ ինքն իրեն կատարելապես կորցրած վիճակում է եղել: Ցուցմունքներից, փաստաբանների խոսքերով, այն, որ սպանութուն կատարող անձը Պերմյակովն է եղել, այլեւս կասկածի տեղիք չի տալիս, քանի որ նրա ականջախեցիներում, քթի անցքերից, լեզվից, ձեռքերից, շորերից վերցված փորձանմուշները ցույց են տվել, որ կրակոցի հետքեր կան իր վրա:

Սակայն փաստաբանները դժվարանում են պատասխանել հարցին, թե այս գործում միայն Պերմյակո՞վն է, թե՞, այնուամենայնիվ, էլի մարդ /կամ մարդիկ/ կան. «Որեւէ տեղեկություններ չունենք երկրորդ անձի մասնակցության մասին, եւ մինչ այս պահը որեւէ փաստական հանգամանք ծանոթ չէ, որ նրան դրսից ուղղորդել են»:

 

Լրահոս

Դիտել ավելին