Կարևոր իրադարձություններ

Սուրբ Էջմիածնի նկարիչների աշխատանքները ցուցադրվեցին «Հայարտուն» կենտրոնում»

16 Հոկտեմբեր, 2015 15:15
Սուրբ Էջմիածնի նկարիչների աշխատանքները ցուցադրվեցին «Հայարտուն» կենտրոնում»

2015 թվականի հոկտեմբերի 14-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց «Սուրբ Էջմիածնի նկարիչները Թբիլիսիում» խորագրով ցուցահանդես: Այն նվիրվեց քաղաքի ավանդական «Թբիլիսոբա» տոնին և բացվեց «Մցխեթոբա» տոնի օրը: Ցուցահանդեսը դարձավ Սուրբ Էջմիածնում Սրբալույս մյուռոնի օրհնությանը նվիրված «Թբիլիսահայ նկարիչները Մայր Աթոռում» ցուցահանդեսի շարունակությունը: Ցուցահանդեսը կազմակերպվեց Վիրահայոց թեմի առաջնորդարանի և Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Վրաստանի հայ նկարիչների միության ու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Բացման հանդիսությանը հատուկ ժամանել էին Էջմիածնի քաղաքապետարանի պատվիրակությունը քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը և Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումբուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլին: Էջմիածնի 21 նկարիչների շուրջ 50 աշխատանքները դիտելու էին եկել ինչպես հայ, այնպես էլ վրացի և այլազգի նկարիչներ, արվեստագետներ, մտավորականներ, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Բացեց ցուցահանդեսը Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը: Գույների միջոցով արտահայտվելու ունակություն, կյանքի ռիթմը, զգացմունքները վրձնահարվածով փոխանցելու վարպետություն, կտավների գեղեցիկ ցուցադրություն – այսպես արժևորեցին ցուցահանդեսը բանախոսներ Վրաստանի խորհրդարանի պարգամավոր Ռուսլան Պողոսյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, նկարիչ Ներսես Մելիքյանը, մանրանկարիչ Մերուժան Շահումյանը, քաղաքի Սակրեբուլոյի ներկայացուցիչ Մարգարիտա Խիդիրբեգաշվիլին և մյուսներն իրենց ելույթներում: Իսկ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլին հայտարարեց Ախալքալաքում մշտապես գործող պատկերասրահ բացելու իր նպատակի մասին: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը երախտիքի խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմի առաջնորդին Սուրբ Էջմիածնում և Թբիլիսիում ցուցահանդես կազմակերպելու իր մտահղացման իրականացմանը ցուցաբերած աջակցության համար և Սրբազան Հորը փոխանցեց զորավար Մանվել Գրիգորյանի կողմից շնորհած «Երկրապահ միության 20-ամյակ» մեդալը: Վերջում իր օրհնությունը հղելով ներկաներին, գնահատանքի խոսք ասաց Վիրահայոց թեմի առաջնորդը: Սրբազանը ողջունեց Էջմիածնի քաղաքապետարանի, Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական տեղապահի, Ախալքալաքի ու Կումբուրդոյի միտրոպոլիտի, ինչպես նաև Էջմիածնից ժամանած նկարիչների ներկայությունը ցուցահանդեսին և կարևորեց երկու քրիստոնյա ժողովուրդների մշակութային բարեկամությունը: Ախալքալաքի միտրոպոլիտի և Սամցխե-Ջավախքի առաջնորդության փոխանորդի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկարիչները մեկ ամիս հետո կցուցադրվեն Ախալքալաքում: «Սուրբ Էջմիածնի նկարիչները Թբիլիսիում» ցուցահանդեսը «Հայարտուն» կենտրոնում կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին