Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Մոսկվայում` «Պառլամենտարիզմի զարգացում» երկրորդ միջազգային համաժողովի բացմանը

01 Հուլիս, 2019 21:25
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Մոսկվայում` «Պառլամենտարիզմի զարգացում» երկրորդ միջազգային համաժողովի բացմանը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Մոսկվայում` «Պառլամենտարիզմի զարգացում» երկրորդ միջազգային համաժողովի բացման ժամանակ։

Ելույթի ժամանակ նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ համաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերի համար, Կազմկոմիտեի նախագահ պարոն Տոլստոյին՝ ջերմ ընդունելության եւ միջոցառման հրաշալի կազմակերպման համար:

«Համոզված եմ, որ նման հեղինակավոր միջազգային համաժողովում մեզ սպասվում է խորհրդարանական համագործակցության առանցքային հարցերի շուրջ մտքերի կառուցողական փոխանակում: Պառլամենտարիզմի ինստիտուտն առանձնահատուկ դեր է խաղում պետական կառավարման համակարգում: Հենց խորհրդարանականներն իրավասություն ունեն ներկայացնելու քաղաքացիների շահերը, պաշտպանելու մարդու իրավունքները:

Մեր փոփոխվող աշխարհում, բացի այդ դասական խնդիրներից, մեր առջեւ կանգնած են մարտահրավերներ, որոնք մենք՝ խորհրդարանականներս, կարող ենք լուծել մեր ռազմավարական գործընկերների եւ բարեկամների հետ միասին: Ուրախ եմ, որ այս համաժողովի շրջանակում քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են խորհրդարանների դերը կայուն խաղաղության եւ կայունության հասնելու գործում, պայքարը աղքատության եւ անհավասարության, կեղծ տեղեկատվության դեմ եւ այլն:

Ժամանակակից աշխարհում պառլամենտարիզմի աճող դերը հատկապես վառ արտահայտվում է միջազգային հարաբերությունների բնագավառում, իշխանության եւ հասարակության միջեւ կայուն երկխոսություն հաստատելու ոլորտում: Անհնար է չհիշատակել պետական մարմիններում հաշվետվողականության ապահովման կարեւորագույն մեխանիզմի մասին, ինչպիսին է խորհրդարանական մոնիթորինգը եւ վերահսկողությունը: Սակայն, թույլ տվեք հակիրճ անդրադառնալ միջխորհրդարանական դիվանագիտության նշված սկզբունքներից առաջինին:

Միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգում ակնհայտ է խորհրդարանական դիվանագիտության դերը: Աշխարհի երկրները միմյանց հետ սերտորեն կապված են բարդ, փոխկապակցված հարաբերություններով, որոնց արդյունքում դրանցից մեկում տեղի ունեցած որեւէ իրադարձություն կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել այլ երկրների վրա: Ընդհանուր առմամբ, միջխորհրդարանական հաղորդակցման մեխանիզմներն այժմ ավելի քան երբեւէ պահանջված են այնպիսի մարտահրավերների դեմ արդյունավետ հակազդելու համար, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը, անօրինական միգրացիան եւ կլիմայի փոփոխությունները:

Միջխորհրդարանական համագործակցության շրջանակում միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակով մեր ջանքերը պետք է ուղղված լինեն անվտանգության մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդող օրենսդրության ձեւավորմանը, խորհրդարանական համագործակցության ակտիվացմանը, տարածաշրջանային խորհրդարանական կառույցների ամրապնդմանը եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնմանը:

Մենք դեմ ենք հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերին եւ ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք նպատակաուղղված են կայուն խաղաղության հաստատմանը: Այս կապակցությամբ ընդգծեմ, որ մենք շարունակում ենք հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերի պարագայում` հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության վրա: Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի անվտանգ եւ ազատ ապրելու անվիճելի իրավունքի հարգման վրա:

Ցավոք, ռազմատենչ հռետորությունը եւ ռազմական գործողությունները վերսկսելու վտանգը խարխլում են նաեւ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության հիմքերը, ինչը հակասում է խաղաղ կարգավորման գործընթացին՝ դարձնելով ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարներն ավելի դժվար հասանելի: Եւ այստեղ մենք կոչված ենք առաջատար դեր կատարել միջխորհրդարանական դիվանագիտության ոլորտում` խոսելով քաղաքացիների անունից եւ նրանց շահերի մասին»,-իր ելույթում ասել է Միրզոյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին