Կարևոր իրադարձություններ

Արցախցի խմբագիրն ահանզանգում է, որ իրեն հետապնդում են. Hraparak.am

28 Հունիս, 2019 19:57
Արցախցի խմբագիրն ահանզանգում է, որ իրեն հետապնդում են. Hraparak.am

 Arcakh24.info կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանը դիմել է «Հրապարակի» խմբագրություն՝ ասելով, որ ԼՂՀ Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը իրեն հետապնդում և ճնշումների է ենթարկում։ Եգանյանի պնդմամբ՝ ամեն ինչ սկսվել է նրանից, որ մարտի 11-ին նույն համալսարանում տեղի է ունեցել REGNUM լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի և քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հանդիպումը ՄՄՀ ուսանողության հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, հանդիպման կազմակերպիչ Ղարիբ Բաբայանը ինչպես նաև լրատվամիջոցներ: Այդ հանդիպման ժամանակ Դոնարա Գաբրիելյանը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ: Եգանյանը հրապարակել է այդ հայտարարությունը, ինչի համար և, իր պնդմամբ, սկսվել են հալածանքները․ իրեն և կնոջը Գաբրիելյանը հեռացրել է իր ղեկավարած համալսարանից, որտեղ և դասախոսում են վերջիններս․

«Այդ համալսարանում վաղուց արդեն տիրում է ոչ առողջ մթնոլորտ, որովհետև այդտեղ հիմնականում իշխանության մերձավորներն են աշխատում, և այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մենք իրավունք չունենք այլ կարծիք ունենալու, եթե որևէ մեկը ինչ-որ բաներ է ասում, այդ մարդու նկատմամբ միանգամից «խաչակրած արշավանքներ են տեղի ունենում։ Այլախոհությունը ընդհանրապես չի հանդուրժվում։ Ինձ աշխատանքից ազատման պաշտոնական բացատրությունը այն է, որ ժամկետն է լրացել։ Բայց մի քանի օր առաջ սպառնալիքներ են գրվում, հետո արդեն նման ձևով իրականացվում են, կասկած չկա այդտեղ, ամեն ինչ ակնհայտ է»,- մեզ հետ զրույցում ասաց Եգանյանը։

Նա պնդում է, որ հանդիպումը փակ չի եղել, ներկա են եղել նաև այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Դոնարա Գաբրիելյանի պնդմամբ էլ՝ իր խոսքը կոնտեքստից կտրված է ներկայացվել, և սխալ ընկալվել։ Պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Եգանյանի հայտարարությունները, որ իրեն հետապնդում է ռեկտորը, Դոնարա Գաբրիելյանը պատասխանեց․ «Նման բան չկա, դուք կարող եք կապվել կադրերի բաժնի աշխատակցի հետ, և նա կասի։ Մենք չենք ուզում աշխատել իրենց հետ, որովհետև իրենց պայմանագիրը ավարտվել է, մենք 2 ամիս շուտ ենք ծանուցել, սեպտեմբերի 1-ից նոր դադարելու են աշխատել։ Կինը նույնպես ավարտել է գործունեությունը մեր համալսարանում, ես հրավիրել եմ այլ մարդկանց։ Միայն դա է, ուրիշ ոչ մի բան չկա»։ Իսկ այն հարցին, թե իր ֆեյսբուքյան մեկնաբանությունը, որում ասում է, թե Եգանյանը պատասխան կտա իր խոսքը կրճատելու համար, արդյոք կապ չունի՞ խմբագրին աշխատանքից ազատելու հետ, Գաբրիելյանը պատասխանեց․ «Ոչ։ Եթե ես դրա համար ուզենայի պատասխան ստանալ, ես կդիմեի ուրիշ տեղ, դա կապված չէ աշխատանքի հետ»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին