Կարևոր իրադարձություններ

Վալերի Օսիպյանը կարգադրել է խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին

06 Հունիս, 2019 22:07
Վալերի Օսիպյանը կարգադրել է խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին

ՀՀ ոստիկանությունում այսօր՝ հունիսի 6-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի վարչությունների պետեր, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներ ու հրամանատարներ:

ՀՀ ոստիկանության պետը ներկայացրել է այսօր կառավարության նիստի ընթացքում ուժային կառույցներին ուղղված հանձնարարականները: 

Վալերիյ Օսիպյանը կարգադրել է օրենքի սահմաններում խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին և ոստիկանների օրինական պահանջները չկատարողներին ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից: 

Խոսվել է նաև ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր ու չարամտորեն խախտող վարորդների մասին: Բոլոր օրինախախտները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ: Եթե նման վարորդների արարքներում նկատվեն խուլիգանության հատկանիշներ, բերման կենթարկվեն ոստիկանության բաժիններ ու կնախապատրաստվեն նյութեր: 

Ժամը 23-ից հետո ոստիկանության կողմից կձեռնարկվեն օրենքով նախատեսված բոլոր կոշտ միջոցները՝ լռության կանոնների խախտման դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: 

Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումներին՝ նշելով, որ տարվա առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս ցածր ցուցանիշներ գրանցած բաժիններում կկատարվեն կադրային փոփոխություններ: 


 

Լրահոս

Դիտել ավելին