Այսօր՝ հունվարի 12-ին, լրանում է Գյումրիում կայացած Ավետիսյանների ընտանիքի դաժան ու ողբերգական սպանության մեկ տարին:
Այս մեկ տարվա ընթացքում, սակայն, սպանության մի շարք մութ հանգամանքներ շարունակում են չբացահայտված մնալ, իսկ որ ամենակարևորն է՝ հայտնի չէ սպանության դրդապատճառը: Դեկտեմբերի 18-ին Գյումրու ռուսական բազայի տարածքում տեղի ունեցող դատական նիստի ընթաքում առաջ քաշվեց վարկած, ըստ որի Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը սատանիստ է և սպանությունը սատանայի հետ ունեցած պայմանագրի արդյունք է:
Առաջ քաշված վարկածի, առաջիկա ակնկալիքների և սպանությունից մեկ տարի անց առկա պատկերի մասին Shabat.am-ը զրուցել է Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:
Իրավապաշտպանի խոսքով՝ բոլոր այն հարցերը, որոնք հենց մեկ տարի առաջ կատարված սպանության վերաբերյալ ձևակերպված էին և գտնվում էին հանրային օրակարգում, մնացել են նաև այսօր:
«Սպանության դրդապատճառը բացահայտված չէ: Ես համաձայն չեմ սատանայի հետ համաձայնության վարկածին, որովհետև Պերմյակովի կողմից առնվազն վեց ցուցմունքների միջև կան ակնհայտ հակասություններ, այսինքն մեկ գոնե վարկածի առկայության դեպքում, նման հակասաություններ չպետք է լինեին կամ էական նշանակություն չպետք է ունենային, մինչդեռ մենք տեսնում ենք, որ հստակ կան հակասություններ և ամենևին դա չի խոսում շրջանառվող վարկածի օգտին»,-ասաց Սաքունցը:
Իրավապաշտպանը մեկ կարևոր հանգամանք ևս ընդգծեց. «Առնվազն 28 կրակոցների ձայնի չլսելը ոչ մի կերպ չի բացատրվում, չնայած դատաձքաբանական փորձաքննությամբ ստացվել է եզրակացություն, որ խլացուցիչ չի օգտագործվել, բայց գործի նյութերով, այնուամենայնիվ, չի հիմնավորվում, չի ուսումնասիրվում, չի բացատրվում: Եթե երեխայի աղմուկը կարող էր խանգարել որպեսզի հարևանները չլսեին, ապա ինչպես է լինում որ կրակոցի ձայնները չէին կարող խանգարել»:
Իրավապաշտպանը վստահ է՝ սպանության դրդապատճառները բոլորովին այլ տեղ են գտնվում:
«Վերստին պնդում եմ, որ դրդապատճառները գտնվում են ռուսական բազայում և դա հիմնավորում եմ ռուսական կողմի այդ հետևողական վարքագծով, որ ամեն գնով, այդպես էլ Պերմյակովին չհանձնեցին հայկական կողմին և, ըստ էության, Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով քրեական գործի նյութերի մեջ ռուսական կողմի կատարած քննության նյութերի ներգրավումը համարում եմ ակնհայտ ապօրինի, որի վերաբերյալ մենք անպայման համապատասխան միջնորդությամբ հանդես կգանք առաջիկա դատական նիստերի ժամանակ: Այդ նյութերի ներգրավմամբ փորձ է արվում փաստորեն կասեցնել, խոչընդոտել իրական դրդապատճառների բացահայտան հնարավորությունը»,-նշեց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը նկատում է՝ դատական նիստը ռուսական բազայում անցկացնելն անթույլատրելի է, որովհետև այն ամբողջովին հակասում է արդարադատության սկբունքներին ու շահերին:
«Այն, որ դատական պրոցեսն անց է կացվում ռուսական բազայի տարածքում և ՀՀ դատական իշխանությունը կաշկանդված է իր ամբողջ իշխանությունը իրականացնելու այս գործի քննության ժամանակ, արդեն վտանգավոր փաստ է: Այդ առումով, իհարկե, ցանկացած վարկած կարող է և լինել կամ չլինել, այստեղ դա էական նշանակություն չունի, կարևոր խնդիրն այն է, որ արդյոք այդ սատանայի հետ համաձայնության հետ վարկածը կարո՞ղ են օգտագործել: Իհարկե, կարող են օգտագործել, բայց նորից եմ կրկնում,մենք նույնպես մասնակցում ենք դատապրոցեսին և ունենք մեր հարցադրումները դրդապտաճռների հետ կապված, որն այս պահին ես նպատակահարմար չեմ գտնում բարձրաձայնել: Այսինքն մենք կգնանք բացառելու սկզբունքով, որոշակի վարկածների շուրջ քննության արդյունքում կբացառվեն և կմնա այն, ինչ ես ենթադրում եմ»,-ասաց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:
Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:
Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:
Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով առաջին դատական նսիտը կայացել է 2015թ. դեկտեմբերի 18-ին: Հաջորդ դատական նիստը կկայան հունվարի 18-ին:
Թեմայի շուրջ առաջարկում ենք ընթերցել նաև՝ Ավետիսյանների սպանության առեղծվածը. Պերմյակովի ներքնազգեստի վրա եղել են մարդու արյան թույլ հագեցած հետքեր, Ավետիսյանների տանը այդ ժամին ջուր չի եղել, մազը, որը հայնաբերվել է զինվորական սվիտերի վրա, Պերյակովինը չէ