2019 թվականի փետրվարի 6-ին իրականացված շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի թիվ 69/2 հասցեում հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարությունների ծառայությունների մատուցմամբ զբաղվող սգո սրահ, որը շահագործվել է անհատ ձեռնարկատեր Ա. Խ.-ի կողմից:
Փաստի առթիվ 08.02.2019թ. Ա. Խ.-ի նկատմամբ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 11-րդ մասի հատկանիշներով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Վարչական վարույթի ընթացքում Ա. Խ.-ն ու վերը նշված տարածքի սեփականատեր Ս. Պ.-ն բացատրություն են տվել այն մասին, որ առանց թույլտվության և տեղական տուրքերի վճարման ավելի քան երեք տարի զբաղվել են սգո ծառայությունների մատուցմամբ:
Նկատի ունենալով, որ անհատ ձեռնարկատեր Ա. Խ-ի կողմից չվճարված տեղական տուրքերի չափը (4.500.000) ՀՀ դրամը գերազանցել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված չորսհազարապատիկ չափը, այսինքն` առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 253-րդ հոդվածով ՀՀ պետական եկամուտների կոմիտե է ուղարկվել Ա. Խ.-ի վերաբերյալ հարուցված վարչական վարույթի նյութերը, ինչի համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով 04.03.2019 թվականին հարուցվել է քրեական գործ, որը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն:
Նկատի ունենալով, որ «Թասդ Բեր» ՍՊ ընկերության հիմնադիր Է. Վ.-ի դիմումի և «Մայրամուտ» սգո սրահին տրամադրված թույլտվությունների, ինչպես նաև հիմք հանդիսացած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առերևույթ առկա են ՀՀ քրեկան օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, այսինքն` դիմումի հետագա ընթացքը ենթակա է լուծման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով, ուստի Է. Վ.-ի դիմումը և ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված փաստաթղթերը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն: Նշված փաստի առթիվ 15.03.2019թ. ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն: