«Հրապարակ» թերթը գրում է.
Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եղբորը պատկանող «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ-ն անցած տարեվերջին շահել էր աղբահանության մրցույթը եւ շուրջ 6 միլիոնով պակաս, քան աճուրդային գինն էր՝ 22 մլն-ով, ստանձնել քաղաքի աղբահանության աշխատանքները։ Սակայն մոտ մեկ շաբաթ աշխատելուց հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը «աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ» կատարելու հիմքով դադարեցրել է պայմանագիրը։
Ընկերության սեփականատերը մեզ ասաց, որ քաղաքապետի որոշումն անհիմն է եւ ունի մեկ նպատակ՝ ծառայությունը հանձնել իր ընկեր, սանիկ՝ «Զիբիլի Գոռ» մականվամբ Գոռ Խաչատրյանի հորը պատկանող «Մաքուր Մասիս» ՓԲԸ-ին։ Մի քանի օր առաջ նոր մրցույթ է հայտարարվել, եւ Գոռի հոր ընկերությունն անհավանական ցածր՝ 12 միլիոնով հաղթել է։ Սա այն պարագայում, երբ նախորդ մրցույթին այս ընկերությունն առաջարկել էր 21 միլիոն 995 հազար դրամ։