Կարևոր իրադարձություններ

10000 դրամի գողության համար կինը 5 տարի անազատության մեջ կմնա

04 Փետրվար, 2019 15:30
10000 դրամի գողության համար կինը 5 տարի անազատության մեջ կմնա

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր մերժեց Հասմիկ Սարգսյանի պաշտպանների կողմից ներկայացված բողոքը:

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը shabat.am լրատվականի հետ զրույցում ներկայացրեց մանրամասներ:

Երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման է դատապարտվել:

Անդրադառնալով բողոքի մերժմանը՝ Պողոսյանը նշեց.

«Մենք նաև տվել էինք հաղորդում Հասմիկի նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ, որ կատարվել են քննչական մարմիններում»:

Մեր այն հարցին, թե ինչ խոշտանգումների մասին է խոսքը, Պողոսյանը պատասխանեց.

«Ոչինչ չի կարող արդարացնել  ոստիկանությունում տեղի ունեցած կտտանքներն ու խոշտանգումները: Հասմիկից ցուցմունքները կորզել են խաբեությամբ, մոլորության մեջ գցելով, ճնշում գործադրելով: Նրան ստիպել են սխալ ցուցմունք տալ գողացված գումարի վերաբերյալ՝  հավատացնելով, որ չի դատվելու:Վախեցրել են, քանոնը կոկորդին են դրել՝ ասել են կխրենք: Առաջարկել են համագործակցել ոստիկանության հետ»:

Իրավապաշտպանը նշում է, որ այս խոշտանգումները տեղի են ունենցել Հասմիկի մանկահասակ երեխայի ներկայությամբ:

Պողոսյանը կարծում է, որ օրենքի և բարոյականության հակասություն կա: Նա պատրաստվում է դիմել վերաքննիչ դատարան:  

Մարինա Պողոսյանը նշեց, որ  փաստաբանների և իրավաբանների կողմից ճնշում է եղել իր վրա.

«Ասում էին՝ ես գողի եմ պաշտպանում»:

Իրավապաշտպանը կարծում է.

«Այո՛, գողությունը վատ բան է, բայց  պետությունը չպետք է թողնի իր քաղաքացուն անտեր ու սոված, մարդը հո՞ չի գնա մեռնի»:

 

Լրահոս

Դիտել ավելին