Կարևոր իրադարձություններ

Պետբյուջեում վերականգնվել է շուրջ 13 միլիարդ դրամ, «իսկ մնացածն ընթացքի մեջ է. Վանեցյան

17 Դեկտեմբեր, 2018 16:12
Պետբյուջեում վերականգնվել է շուրջ 13 միլիարդ դրամ, «իսկ մնացածն ընթացքի մեջ է. Վանեցյան

azatutyun.am- գրում է.

Մայիսի 10-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում հարուցվել և քննվել է շուրջ 30 քրեական գործ, որոնց քննության նախնական արդյունքներով` պետական բյուջեին պատճառվել է 18 միլիարդ 965 միլիոն դրամի վնաս։ Այդ մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը։

Վանեցյանի խոսքով՝ այս պահի դրությամբ պետբյուջե է վերականգնվել շուրջ 13 միլիարդ դրամը, «իսկ մնացածն ընթացքի մեջ է»։

«Այսօր մենք Հաշվեքննիչ պալատի, Ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի մեր գործընկերների միջոցով տարբեր քրեական գործերով ընդհանուր առմամբ ստուգում ենք շուրջ 216 միլիարդ 539 միլիոն դրամի ֆինանսական գործարքների օրինականությունը։ Դա ահռելի գումար է, ուղղակի դա շատ մեծ ժամանակ է և ջանք: Հավատացեք, որ այդ գումարները շատ բարդ է հիմնավորել և հետ բերել», - ասաց ԱԱԾ տնօրենը։

«Բացի այդ, երևի թե ծանոթ եք հայտնի «Գոլդեն Փելես» հյուրանոցի հետ կապված խնդրին, որը վերադարձվել է պետությանը: Գործընթացը սկսվել է, Պետական գույքի կառավարման վարչությունը զբաղվում է այդ հարցով», - հավելեց Վանեցյանը:

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ նոյեմբերի վերջին «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանը հայտարարել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու մասին: Ավելի վաղ ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով:

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյաննով մեղադրվում էապօրինի հարստացման մեջ, օրերս հայտարարեց, որ պատրաստ է պետությանը փոխանցել 6 միլիոն դոլար։

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Դավիթաշեն» թաղամասում այն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի կարողությանը, հայտարարել էր, որ «Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 միլիոն դոլար»։

Հարցին, թե ի՞նչ եղավ այդ գումարների հետ, Վանեցյանը պատասխանեց․ - «Հարուցված են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն, նախաքննության արդյունքում կհիմնավորվի այդ գումարների ծագումը, և դրա արդյունքում․․․ Դուք արդեն լսել եք, որ իրենք տարբեր ԶԼՄ-ներով պատրաստակամություն են հայտնում նշված գումարները պետությանը վերադարձնելու՝ ոչ թե նվիրաբերելու, այլ վերադարձնելու մասին։ Այդ վերադարձը, կարծում եմ, առաջիկայում կլինի, և համաձայն Քրեական օրենսգրքի հոդվածների, որով այդ գումարների վրա կալանքները դրված են, բոլոր ընթացակարգերը պահելով՝ այդ քրեական գործերը կգնան իրենց հունով, և այդ գումարները կվերադարձվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե»։

Շրոնակությունը՝ սկզբնաղբյուր  կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին