Կարևոր իրադարձություններ

Հակոբ Արշակյանը հանդիպել է Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին (լուսանկարներ)

25 Ապրիլ, 2024 17:50
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին (լուսանկարներ)

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկրում է՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ Կնյազ Հասանովը, Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը, պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ հայ-սիրիական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկրի համար. հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ունեցել է ճակատագրական նշանակություն:

«Մենք երախտագիտությամբ ենք հիշում Սիրիայի ժողովրդի գրկաբաց և ջերմ վերաբերմունքը, 20-րդ դարասկզբին Ցեղասպանությունից փրկված հայերին սիրիացի ժողովրդի կողմից ապաստանելը և հոգատար մոտեցումը»,- նշել է Հակոբ Արշակյանը: Հայ-սիրիական ջերմ եւ գործընկերային հարաբերությունների ամրապնդման հարցում ընդգծվել է սիրիահայ համայնքի կարեւոր դերակատարումը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը մանրամասն անդրադարձել է տարածաշրջանային մարտահրավերներին ու անվտանգային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին: Նա բարձրաձայնել է նաև Բաքվում անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների և ապօրինի պատանդառված քաղաքացիական անձանց խնդիրը:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է Սիրիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ վերահաստատելով Սիրիայի տարածքային ամբողջականության եւ բոլոր կոնֆլիկտները ներքին ուժերով հաղթահարելու վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահն ընդգծել է, որ սիրիական կողմն աջակցում է Հայաստանի՝ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին և համոզմունք հայտնել, որ խաղաղության ջատագով բոլոր ազգերը կլինեն հայ ժողովրդի կողքին: Մուհամմադ Ալ-Աջլանին աջակցություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաեւ տեղի ունեցող սահմանազատման ու սահմանագծման գործընթացին՝ նշելով, որ պետք է վերադարձվեն բոլոր այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին՝ միջազգային իրավունքի ուժով: Որպես հարաբերությունների կարգավորման հաղթահարման ուղենիշ՝ փոխնախագահը նշել է թշնամանքի լեզվով խոսելու բացառումը:

Կողմերը փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում ընդգծել են միջխորհրդարանական փոխգործակցության առանձնահատուկ նշանակությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին