Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ «ՔՈ»-ն չանցավ խորհրդարան

10 Դեկտեմբեր, 2018 13:15
Ինչու՞ «ՔՈ»-ն չանցավ խորհրդարան

«Ընտրությունների արդյունքներն օրինաչափ են և ինչ-որ առումով նաև կանխատեսելի»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ռեյտինգային թեկնածու Արման Ղազարյանը՝ նշելով, որ մոտավորապես նման արդյունք եղավ նաև Երևանի ավագանու ընտրություններին:

«Չեմ կարծում, որ մեր ունեցած ցուցանիշները մտահոգիչ են, որովհետև պետք է հաշվի առնել, որ շատ մարդիկ դեռ չէին հասցրել տեղեկանալ մեր ծրագրերին։ Բացի այդ, մենք գործ ունեինք հետհեղափոխական ժամանակահատվածի հետ, երբ մարդկանց մեծամասնությունն իր քվեն տալիս է հեղափոխություն իրականացրած ուժին»,- նկատեց Արման Ղազարյանը:

Նրա խոսքով՝ ընտրություններում էական խախտումներ չեն գրանցվել, բայց իրենց կուսակցության կողմից ընդհանուր գնահատական դեռ կհնչեցնեն:

«Կարելի է ասել, որ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս ընտրողների կամարտահայտումը»,- նշեց Ա․ Ղազարյանը՝ շեշտելով, որ տպավորությունները կապված են մասնավորապես Տավուշի մարզի հետ, որտեղ նա առաջադրվել էր որպես պատգամավորության թեկնածու:

Խոսելով քվեարկության մասնակցածների թվի ցածր ցուցանիշի մասին, մեր զրուցակիցը նշեց մի քանի սուբյեկտիվ պատճառ.

«Ընտրելու իրավունք ունեցող անձանց թվերը, որոնք հրապարակվում են, ըստ իս չեն համապատասխանում այս պահին Հայաստանում բնակվող անձանց թվին: Բացի այդ, եղանակային պայմանները ևս կարող էին որոշակի խոչընդոտ հանդիսանալ: Շատերը գուցե լինեն, ովքեր մտածում են, որ հեղափոխությունն արդեն անցած է, և իրենց քվեն էական փոփոխության չի հանգեցնելու»:

Հարցին, թե կբողոքարկի՞ արդյոք «Քաղաքացու որոշում» կուսակցությունն ընտրությունների արդյունքները, Ղազարյանը պատասխանեց, որ շուտով կուսակցությունը կունենա նիստ, այնուհետև հանդես կգա հայտարարությամբ:

«Մինչ այդ պետք է ժամանակ՝ բոլոր ընտրատեղամասերից ամբողջական ինֆորմացիա հավաքելու և ըստ այդմ համապատասխան հայտարարություն հնչեցնելու համար»,- եզրափակեց Արման Ղազարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին