Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Էդվարդ Նալբանդյանին

12 Հոկտեմբեր, 2018 20:04
Փաշինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Էդվարդ Նալբանդյանին

Նիկոլ Փաշինյանը նկատում է, որ անկախությունից ի վեր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն ամենախոշոր միջազգային իրադարձությունն էր մեր երկրում, որը ծառայել է մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը։

Գագաթնաժողովի արդյունքները մեր երկրի համար դրական են՝ ասել է վարչապետ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17–րդ գագաթնաժողովը։

Փաշինյանը արձանագրել է, որ Գագաթնաժողովն անցել է շատ բարձր մակարդակով եւ շնորհակալություն է հայտնել բոլոր մարդկանց, ովքեր ներգրավված են եղել կազմակերպչական աշխատանքներում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին  եւ այլ կազմակերպիչների։

Նա նկատել է, որ Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու մասին որոշումը կայացրել են դեռ 2016 թ–ին. «Գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու գործում շատ մեծ է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանի դերակատարությունը։  Հատուկ շնորհակալություն Էդուարդ Նալբանդյանին այդ ջանքերի համար»,–ասել է վարչապետը։

Նա ընդգծել է նաեւ Ոստիկանության եւ ԱԱԾ–ի արդյունավետ ծառայությունը։

Վարչապետը չի մոռացել նաեւ շնորհակալություն հայտնել ֆրանսերենի իր դասախոսին եւ խոստացել շարունակել ֆրանսերենի, անգլերենի եւ ռուսերենի ուսումնառությունը

 

Լրահոս

Դիտել ավելին