Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք ոստիկանությունն այժմ աշխատում է ավելի «թափանցիկ»

05 Սեպտեմբեր, 2018 19:15
Արդյո՞ք  ոստիկանությունն այժմ աշխատում է ավելի «թափանցիկ»

Թավշյա հեղափոխությունից հետո պետական կառույցներում եղավ նաև կադրային հեղափոխություն: Մի շարք կառույցներ ունեցան նոր ղեկավարներ: Վարչապետի կողմից ամենաանսպասելի նշանակումը թերևս ոստիկանապետինն էր: Այդ պաշտոնը վստահվեց Վալերիյ Օսիպյանին, ով օրեր առաջ ներկայացրեց իր ոլորտում արված բարեփոխումները:

1.Կոռուպցիոն  դեպքերի բացահայտում: Վերջին 100 օրվա ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 746 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից կրկնակի ավելին կամ 2015-2016 թվականներին՝ միասին վերցրած: Ընդհանուր առմամբ բացահայտվել են պետությանը շուրջ 4.4 միլիարդ դրամի վնաս պատճառելու դեպքեր:  Վերականգնվել է շուրջ 147 միլիոնի վնասը: 

 

2. Հանցավորության դեմ պայքարում առանցքային է դարձել  հանցավոր խմբերի, դրանց պարագլուխների և «հեղինակությունների» հանցավոր       գործունեության բացահայտումը: Այս ընթացքում քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել 4 «օրենքով գողի» և հանցավոր հեղինակության նկատմամբ:

 

3. Բարեփոխումներ Ճանապարհային ոստիկանությունում: Դադարեցվել է լուսանկարահանող-արագաչափ սարքերի կիրառումը հանրապետության բնակավայրերի՝ 60 կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում, իսկ չկառավարվող հետիոտնային անցումների պարագայում երթևեկությունը կազմակերպվելու է արհեստական խոչընդոտներով: Շուրջ 150.000 անձ ազատվել է նախկինում կուտակված մոտ 13,7 մլրդ. դրամ տուգանքի գումար վճարելու պարտավորությունից: Վերջին 100 օրվա ընթացքում բացահայտվել է ավտոմեքենաները ոչ սթափ վիճակում վարելու 915 դեպք, հատուկ տարածք է տեղափոխվել 1914 տրանսպորտային միջոց:

 

4. Անտառահատման դեպքերի բացահայտում: Նախորդ 100 օրերի ընթացքում ոստիկանության և այլ պատկան մարմինների համատեղ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ավելի քան 3 անգամ ավել անտառահատման դեպքեր: Դրանք հաճախ ուղեկցվել են նաև կոռուպցիոն հանցագործություններով:

 5. Բարեփոխումներ են արվել նաև անձնագրային ծառայությունների բնագավառում: Մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ընդմիջման ժամը տեղափոխվել է քաղաքացուն ավելի հարմար 14:00-ից 15:00-ն: Պարզեցվել են հին նմուշի անձնագիր ստանալու, փոխանակելու, անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու, հանրային ծառայությունների համարանիշի և հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք ստանալու ընթացակարգերը: Այս ամենի համար քաղաքացին այսուհետ, անկախ հաշվառման վայրից, կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն:

 

6. Փոխվել է քաղաքացիների ընդունելության կազմակերպման գործընթացը: Օսիպյանն անձամբ է ընդունել տասնյակ քաղաքացիների, լսել նրանց առաջարկները, բողոքները, տվել սպառիչ պատասխաններ, նաև դիմումներին պատշաճ ընթացք տալու ցուցումներ: Ոստիկանապետը բազմիցս նշել է, որ շատ է կարևորում համակարգի գործունեության թափանցիկությունը, որից ելնելով նրա հրամանով ստեղծվել է ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդ՝ համալրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներով ու քաղաքացիներով:

 

Լրահոս

Դիտել ավելին