Կարևոր իրադարձություններ

Երևան հարյուր հազարավոր մարդիկ են մեկնում հանգստանալու

09 Օգոստոս, 2018 15:07
Երևան հարյուր հազարավոր մարդիկ են մեկնում հանգստանալու

2011-ին զբոսաշրջիկը, Երևան ժամանելիս, չգիտեր որտեղ իջևանել, իսկ այժմ հարյուր հազարավոր մարդիկ են այցելում և մեծ գումարներ ծախսում Հայաստանի մայրաքաղաքում: Այդ մասին ասվում է «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթում հրապարակված Գեորգի Զոտովի հոդվածում: «7 տարի առաջ գործուղման էի Երևանում՝ անկեղծ ասած, տպավորություններս լավագույնը չէին: Հիմա ամեն ինչ փոխել է, կարծես կախարդական փայտիկի օգնությամբ՝ Հայաստանը դարձել է Կովկասի ամենահետաքրքիր ուղղություններից մեկը», - նշում է հոդվածագիրը: Ըստ նրա, Հայաստանի մայրաքաղաք են ժամանում զբոսաշրջիկներ ոչ միայն ՌԴ-ից, այլև Իրանից, ԱՄԷ-ից և նույնիսկ Ֆիլիպիններից:

«Երևանյան Հանրապետության հրապարակի մերձակայքում տասնյակ ավտոմեքենաներ են կայանված Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարներով՝ վարորդներն առաջարկում են ուղևորություններ դեպի Տաթևի վանք, Սևանա լիճ, Դիլիջան ու Գյումրի: Նրանք խոսում են ռուսերեն, անգլերեն, ոմանք նույնիսկ պարսկերեն: Սակարկության արդյունքում գինը նվազում է 25-30%-ով:

Կասկադի (Երևանի հանրահայտ աստիճանների) մոտ ինձ իր այցեքարտն է տալիս համալսարանի մի պրոֆեսոր՝ նա նույնպես վաստակում է Երևան այցելող հյուրերի շնորհիվ, առաջարկելով «հեղինակային շրջագայություններ» իր սեփական ջիփով՝ զբոսաշրջության մեջ են ներգրավվել բնակչության բոլոր շերտերը: Բացվել են հայկական խոհանոցով (նախկինում հյուրերն ավելի նախընտրում էին վրացականը) մեծ քանակի մատչելի սրճարաններ, Սևանա լճում 11 կահավորված լողափ է բացվել, իսկ քաղաքից դուրս գտնվող հսկայական խաղատներն աշխատանք են տալիս հազարավոր մարդկանց: Օդից փող են վաստակում՝ այցելուների համար տարբեր վարպետության դասընթացներ են կազմակերպում, օրինակ, ինչպես հայկական լավաշ թխել, որոնց պահանջարկը շատ մեծ է»,- գրում է պարբերականը: Հոդվածում նշվում է, որ Երևանում շատ են Իրանից ժամանած զբոսաշրջիկները, շատերին գրավում է ալկոհոլային խմիչքների ազատ վաճառքը: Ըստ հեղինակի, «ալկոհոլային տուրերը» լավ հասույթ են ապահովում տեղի բարերին:

«Հայաստանը սովորել է աշխատել տարբեր պահանջարկների ուղղությամբ: Եթե Իրանից ժամանածների համար դա կոնյակն ու գարեջուրն է, արաբների համար՝ խաղատները, ապա ֆիլիպինցիները Երևան են ժամանում քրիստոնեական սրբությունները տեսնելու», - ասվում է հոդվածում: Նշվում է, որ Հայաստան այցելողների թվում իրանցիները 3-րդ տեղում են (14%), քանի որ առաջին տեղում Եվրամիության երկրների բնակիչներն են (21%), երկրորդում՝ Ռուսաստանի քաղաքացիները (20%), իսկ 4-րդ տեղում ամերիկացիներն են (13,6%), ընդ որում նրանց քանակը վերջին տարում ավելացել է մեկ երրորդով: Հայաստանն ակտիվ է առաջ մղում իրեն ԱՄՆ և Եվրոպայի զբոսաշրջության շուկաներում, և այդ ծախսերը լիովին արդարացված են, կարծում է հոդվածագիրը:

Աղբյուրը՝ yerevan2800.am

 

Լրահոս

Դիտել ավելին