Կարևոր իրադարձություններ

Վենեսուելական զինված խմբավորումը ստանձնել է երկրի նախագահի դեմ մահափորձի պատասխանատվությունը (տեսանյութ)

05 Օգոստոս, 2018 11:55
Վենեսուելական զինված խմբավորումը ստանձնել է երկրի նախագահի դեմ մահափորձի պատասխանատվությունը (տեսանյութ)

Վենեսուելական «Ֆլանելե զինվորներ» (Soldados de Franelas) զինված խմբավորումը ստանձնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ իրագործված մահափորձի պատասխանատվությունը:

Ինչպես նշում է lenta.ru-ն, նրանք այս մասին գրել են իրենց թվիթերյան միկրոբլոկում:

Խմբավորման անդամները մանրամասնել են, որ օգտագործել են երկու հատ անօդաչու թռչող սարք՝ համալրված С4 պայթուցիկով: Սակայն անօդաչուներին չի հաջողվել հասնել նախագահական լոջայի մոտ, քանի որ դիպուկահարները վնասազերծել են դրանք:

«Մենք ցույց տվեցինք, որ կառավարությունը խոցելի է: Այսօր մենք չհասանք մեր նպատակին, բայց դա սոսկ ժամանակի հարց է»,- նշվել է խմբավորման էջում:

Մինչդեռ նախագահ Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ իրագործված մահափորձի առնչությամբ մի քանի մարդ է ձերբակալվել: Երկրի ղեկավարի կարծիքով՝ կատարվածի պատասխանատվությունը կրում է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը: Սակայն Կոլումբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը շտապել է հերքել տեղեկությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Բոլիվարյան ազգային գվարդիայի կազմավորման 81-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ մայրաքաղաք Կարակասում տեղի է  ունեցել պայթյուն: Մադուրոն շտապ տարհանվել է, մի քանի զինվորական վնասվածքներ է ստացել:

Երկրի գլխավոր դատախազը կատարվածը որակել է ահաբեկչություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին