Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552,5
    560,5

  • RUB

    7,08
    7,33

Կարևոր իրադարձություններ

Ձևավորվում է ՏԿՏՏ նախարարին կից քաղավիացիայի հարցերով աշխատանքային խումբ

01 Օգոստոս, 2018 15:33
Ձևավորվում է ՏԿՏՏ նախարարին կից քաղավիացիայի հարցերով աշխատանքային խումբ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նախարար Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քաղավիացիայի խնդիրների շուրջ քննարկում` քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի, ոլորտի մասնագետների և շահագրգիռ այլ կողմերի մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպում-քննարկման նպատակն աշխատանքային խումբ ձևավորելն է, որը կզբաղվի քաղավիացիայի խնդիրների վերհանմամբ, դրանց քննարկմամբ և արդյունքում միասնական որոշման կայացման համար առաջարկությունների ներկայացմամբ:

Նախարարի խոսքով` աշխատանքային խումբը պետք է աշխատի թափանցիկ, կամավորության սկզբունքով` տարբեր մասնագետների ներգրավմամբ:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահի առաջարկությամբ, հանդիպման ձևաչափին համապատասխան՝ հայաստանյան ավիաընկերությունների ներկայացուցիչներն ու մասնագետները ներկայացրին իրենց առանձնացրած խնդիրներն ու հանդես եկան առաջարկություններով։

Քննարկման առանցքային թեման ազգային ավիափոխադրող ունենալու հարցն էր, որն, ըստ ներկաների, ոչ միայն անհրաժեշտ է, այլև ոլորտի առաջընթացի նախապայման։ Հայաստանում գրանցված ընկերություններն այս պահին 6-ն են, բայց փաստացի դրանցից միայն մեկն է չվերթներ իրականացնում։ «Էյր Արմենիա» ընկերության տնօրենի խոսքով` աշխատանքային այս խմբի գերխնդիրը բոլորին ապացուցելն է, որ Հայաստանին ավիացիան պետք է, և ոչ միայն անվտանգության, այլև տնտեսական շահավետության տեսանկյունից:

Խոսվեց նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի շահագործման կոնցեսիոն պայմանագրի խնդիրների շուրջ: «Բարձր սակագներ ու մրցակցության անհավասար պայմաններ. սրանք այդ պայմանագրի վնասակար հետևանքների մի մասն են միայն»,- կարծում են ավիացիայի ոլորտի ներկայացուցիչները։

Քննարկումը բազմաշերտ էր՝ չշահագործվող օդանավակայաններից մինչև Հայաստան մտնող ավիավառելիքի գներ, կոռուպցիոն սխեմաներ ու իրավական բացթողումներ։ Հանդիպմանը ներկա էր նաև վարչապետի խորհրդականը, ով էլ ներկայացրեց կառավարության տեսլականն այս ուղղություններով:

Նախարարը հանդիպման ավարտին բոլոր ցանկացողներին առաջարկեց գրանցվել՝ աշխատանքային խմբի գործունեությանը մասնակցելու համար։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին