Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Նախագահն ընդունել է ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությանը

15 Հոկտեմբեր, 2015 15:40
Նախագահն ընդունել է ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանում երբևէ առիթը բաց չեն թողնում խոսելու բարեկամ Իրանի հետ դարերի ընթացքում ձևավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն և պայմանավորված են ինչպես պատմամշակութային ընդհանրություններով, այնպես էլ փոխադարձ տնտեսական շահերով , աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկություններով, տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը շահագրգռված է Իրանի Իսլամական Հանրապետության հետ ավելի խորացնելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտերում: Նախագահը համոզմունք է հայտնել, որ եկել է ժամանակը՝ երկկողմ օրակարգն ընդլայնելու և հայ-իրանական հարաբերությունների մակարդակը ևս մեկ աստիճանով բարձրացնելու: Հանրապետության Նախագահը այդ համատեքստում մեծապես կարևորել է պարոն Ջահանգիրիի այցը Հայաստան, որի շրջանակներում կայացած քննարկումների, ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում, Նախագահի համոզմամբ, կարող է երկկողմ հարաբերությունների նոր փուլի սկիզբ դրվել:

ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին շնորհակալություն է հայտնել Հայաստան այցի հրավերի ու ջերմ ընդունելության համար և հանդիպման սկզբում ՀՀ Նախագահին փոխանցել իր երկրի Նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները: Իրանի Նախագահի առաջին տեղակալը գոհունակությամբ է խոսել ՀՀ կառավարությունում ունեցած բանակցությունների արդյունքների մասին, նշել, որ այցի օրակարգը բավականին հագեցած է՝ Երևանում նախատեսվում են մի շարք այլ հանդիպումներ ևս, որոնք, ըստ նրա, առավել կամրապնդեն բարիդրացիական հարաբերություններ ունեցող Իրանի և Հայաստանի միջև կապերը: Էսհաղ Ջահանգիրին ընդգծել է, որ Հայաստանը, որպես բարեկամ և հարևան երկիր, իր ուրույն տեղն ունի Իրանի արտաքին հարաբերություններում: «Հայաստանը մեր դժվարին ժամանակների բարեկամն է եղել և շարունակում է մնալ բարեկամ, որի հետ Իրանը պատրաստակամ է զարգացնել ոչ մի սահմանափակում չունեցող հարաբերությունները»,- ասել է ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալը՝ կարևորելով հատկապես առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացումը:

ՀՀ Նախագահը և Էսհաղ Ջահանգիրին քննարկել են հայ-իրանական փոխգործակցության զարգացման գործում զգալի կարևորություն ունեցող էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում նախատեսված խոշոր ծրագրերի իրականացման ընթացքն ու փոխշահավետ այլ ոլորտներում նոր նախաձեռնությունների իրագործման հեռանկարը՝ նկատի առնելով ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցության ավելի լայն հնարավորությունները:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին՝ կարևորելով հիմնախնդրի խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի չափանիշներին համապատասխան:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Երկուստեք կարևորվել է սիրիական ճգնաժամի կարգավորումը երկխոսության, խաղաղ բանակցությունների միջոցով:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է ծայրահեղականության՝ որպես մարդկությանն ուղղված մեծագույն չարիքի դեմ պայքարում ջանքերի համախմբման անհրաժեշտություն, նշելով, որ Հայաստանը պատրաստ է իր համեստ ներդրումն ունենալ այդ գործում՝ խորապես շահագրգռված լինելով տարածաշրջանի կայունությամբ և անվտանգությամբ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին