Կարևոր իրադարձություններ

1064 քաղաքացի ստացել է անվճար իրավաբանական օգնություն

15 Հոկտեմբեր, 2015 14:42
1064 քաղաքացի ստացել է անվճար իրավաբանական օգնություն
ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանների կողմից այս տարվա առաջին կիսամյակում 1064 քաղաքացի ստացել է անվճար իրավաբանական օգնություն:
 
Անվճար իրավաբանական օգնություն կարող են ստանալ նախաքննության և դատաքննության ընթացքում կասկածյալը, մեղադրյալը, ինչպես նաև տուժողը և տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ստացած անձինք: 
 
 Կասկածյալի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, ազգականի, ինչպես նաև կասկածյալի կամ մեղադրյալի խնդրանքով կամ համաձայնությամբ` այլ անձանց հրավերով, նրանց անվճար իրավաբանական օգնություն տրամադրվում է ֆինանսական միջոցների բացակայության պարագայում և երբ առկա է արդարադատության շահը:
Վարույթն իրականացնող մարմինը դիմումի է ՀՀ փաստաբանների պալատին՝ նշված կարգավիճակ ստացած անձանց հանրային պաշտպան տրամադրելու պահանջով, ինչը կարգավորում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ և 70-րդ հոդվածներով:
 
Այսպիսով, եթե կասկածյալը կամ մեղադրյալը ցանկություն է հայտնում ունենալ պաշտպան, սակայն չունի ֆինանսական միջոցներ, վարույթն իրականացնող մարմնի պահանջով նրան տրամադրվում է հանրային պաշտպան:
 
Անվճար իրավաբանակ օգնություն կարող է տրամադրվել, եթե կա արդարադատության շահը, ինչը կարգավորվում է ՀՀ քրեական դատավարության 69-րդ հոդվածով, այս պարագայում,  եթե անձն անգամ ցանկություն չի հայտնել պաշտպան ունենալ, միեւնույն է՝ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:
 
Մասնավորապես, այն պարագայում, երբ կասկածյալի կամ մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն իրականացնել պաշտպանության իր իրավունքը` համր, կույր, խուլ լինելու, խոսքի, լսողության, տեսողության ֆունկցիաների այլ էական խանգարման, երկարատև ծանր հիվանդության, ինչպես նաև տկարամտության, բացահայտ մտավոր անզարգացածության, այլ ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով:
 
Կասկածյալի կամ մեղադրյալի մոտ առկա է հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում, չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում քրեական դատավարության լեզվին, հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է, մեղադրյալը ժամկետային ծառայության զինծառայող է, կասկածյալների կամ մեղադրյալների շահերի միջև կան հակասություններ, և նրանցից մեկը պաշտպան ունի, քրեական հետապնդումն իրականացվում է այն անձի նկատմամբ, որին վերագրվում է քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարում անմեղսունակության վիճակում, կասկածյալը կամ մեղադրյալն անգործունակ է, դատական քննության արագացված կարգի կիրառման դեպքում:
 
Նշենք նաև, որ եթե թվարկված կատեգորիաներից, օրինակ ժամկետային ծառայության մեջ գտնվող զինծառայողը հայտարարի, որ այնուամենայնիվ ինքը չի ցանկանում, որ իրեն հանրային պաշտպան տրամադրվի և գտնում է, որ ինքը կարող է իրականացնել իր պաշտպանությունը, ապա վարույթ իրականացնող մարմինը այս պարագայում չի դիմի նրան հանրային պաշտպանով ապահովելու պահանջով, սակայն եթե նման հայտարարությամբ հանդես գա հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձը, այս պարագայում վարույթ իրականացնող մարմինը՝ արդարադատության շահերից ելնելով  չի կարող դադարեցնի պայմանագիրը,  քանի որ անձը ինքնուրույն չի կարող իրականացնել սեփական պաշտպանությունը:
 
Ինչ վերաբերում է տուժողին, նրա իրավահաջորդին, ինչպես նաև՝ նրա օրինական ներկայացուցչին, ապա հանրային պաշտպան տրամադրելու համար անհրաժեշտ է ներկայացնել տուժողի, նրա իրավահաջորդի, ինչպես նաև՝ նրա օրինական ներկայացուցչի մասին կարգավիճակը հաստատող որոշում, անձնագրի պատճեն և Փաստաբանության մասին օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 13 կատեգորիաներից մեկը հավաստող փաստաթուղթ:  
 
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին, դատապարտյալներին, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին, Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին, գործազուրկներին, միայնակ բնակվող կենսաթոշակառուներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց, փախստականներին,) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացածներին, անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում, իսկ անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որը չունի բավարար եկամուտ, համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց,  հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձանց: 
 
2015թ. առաջին կիսամյակում անվճար իրավաբանական օգնություն են ստացել ՀՀ  սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողի ընտանիքի 36 անդամներ,
1-ին և 2-րդ խմբի 271 հաշմանդամ, 50 դատապարտյալ,  ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի 196 անդամներ, Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների 21 մասնակիցներ,
236 գործազուրկ քաղաքացիներ, 127 միայնակ բնակվող կենսաթոշակառուներ, 19 փախստականներ, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած 3 քաղաքացիներ, անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ ներկայացրած 98 քաղաքացիներ:
 
Անվճար իրավաբանական օգնություն են ստացել հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող 7 անձինք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին