Կարևոր իրադարձություններ

Խաչատրյանական փառատոնի շրջանակներում հնչել է Սվիրիդովի երաժշտությունը

15 Հոկտեմբեր, 2015 13:23
Խաչատրյանական փառատոնի շրջանակներում հնչել է Սվիրիդովի երաժշտությունը

Այս տարի Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնն աչքի է ընկնում համաշխարհային և հայաստանյան պրեմիերաների մեծ թվով։ Կազմակերպիչները տարբեր կոմպոզիտորների սիրված գործերին զուգահեռ հայ ունկնդրին հաղորդակից են դարձնում նոր ստեղծագործությունների հետ։ Այդպիսին էր հոկտեմբերի 14-ի կամերային համերգն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ Ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի 100-ամյակին նվիրված երեկոյի ընթացքում կատարվեցին Սվիրիդովի ստեղծագործությունները, այդ թվում՝ 2 հայաստանյան պրեմիերա` «Պետերբուրգյան երգեր» շարքը սոպրանոյի, մեցցո-սոպրանոյի, բարիտոնի, բասի և դաշնամուրային տրիոյի համար՝ Ալեքսանդր Բլոկի խոսքերով, և «Հայրերի երկիրը» պոեմը տենորի, բասի և դաշնամուրի համար՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով։ Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Արամ Խաչատրյանի անվան տրիոն, Քրիստինե Սաֆարյանը (սոպրանո), Գրետա Բաղիյանը (մեցցո-սոպրանո), Գրիգոր Աբրահամյանը (բարիտոն), Հայկ Տիգրանյանը (բաս), Վասիլի Ռոլիչը (դաշնամուր)։ Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահար Արմինե Գրիգորյանը նշեց, որ արդեն երկրորդ տարին են մասնակցում Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին. «2014-ին մեր մասնակցությունը շատ հետաքրքիր էր. ելույթ ունեցանք երեք գործիքային կոնցերտներով՝ տրիոյի երաժիշտները հանդես եկան որպես մենակատար Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ հնչեցնելով Խաչատրյանի Ջութակի, Դաշնամուրի կոնցերտները և Թավջութակի համար գրված կոնցերտ ռապսոդիան։ Այս տարի արդեն կկատարենք Սվիրիդովի գործերը»։ Ջութակահար Կարեն Շահգալդյանը փառատոնի անցկացումը շատ լավ գաղափար է համարում. «Շնորհակալ եմ Սերգեյ Սմբատյանին, որ նրա մոտ նման ցանկություն է առաջացել։ Հայաստանում անցկացվում են հրաշալի համերգներ, սակայն Հայաստանի մշակութային կյանքը մշտական երաժշտական, համերգային գործունեության կարիք ունի տարբեր մակարդակներում՝ կամերային, սիմֆոնիկ երաժշտություն և այլն։ Կարծում եմ՝ փառատոնի հիմնական գաղափարը հենց դա է՝ ապահովել տարբեր ժանրերի երաժշտության ներկայացումները։ Եվ ուրախ ենք, որ Խաչատրյանի անվան տրիոն հանդես է գալիս փառատոնի շրջանակներում հենց այս ծրագրով։ Սվիրիդովը մեծ կապ է ունեցել Հայաստանի հետ. հայտնի է, որ նա եղել է Ավետիք Իսահակյանի արվեստի երկրպագուն։ Ու պատահական չէ, որ այսօր ներկայացվելիք գործերից մեկը գրվել է հենց Իսահակյանի խոսքերի հիման վրա»։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնահանդեսը կյանքի է կոչել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի անցկացմանն աջակցում են նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազան»։ Առաջիկայում փառատոնի շրջանակներում սպասվում են հանդիպումներ մեծանուն երաժիշտների հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին