Կարևոր իրադարձություններ

Արցախում տարեկան 700 մարդ ուռուցքաբանական խնդիրներ է ունենում. կառուցվում է բժշկական կենտրոն

15 Հոկտեմբեր, 2015 12:21
Արցախում տարեկան 700 մարդ ուռուցքաբանական խնդիրներ է ունենում. կառուցվում է բժշկական կենտրոն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Ստեփանակերտում սկսել է ուռուցքաբանական կենտրոնի կառուցման աշխատանքները: Մասնագիտացված կենտրոնի կառուցումը հովանավորում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը` ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ինչպես հայտնել են «Հայաստան» համահայկական հիմնադրամից, արդեն պատրաստ են կառույցի հիմքերը, ընթացքում են նկուղային հարկի հատակի բետոնացման աշխատանքները: Ստեփանակերտի նորաբաց հանրապետական բժշկական կենտրոնի եւ պոլիկլինիկայի հարեւանությամբ կառուցվող ուռուցքաբանական կենտրոնը բաղկացած կլինի նկուղային եւ վերգետնյա 3 հարկերից: Հիվանդանոցը ստորգետնյա անցումով կկապվի Հանրապետական բժշկական կենտրոնի հետ: Շենքը կզբաղեցնի ընդհանուրը շուրջ 2 հազար 520 քմ մակերես:

Կենտրոնում նախատեսվում է իրականացնել ուռուցքաբանության մեջ ընդունված արդի բուժական եւ ախտորոշիչ բոլոր միջամտությունները, բացառությամբ ճառագայթային բուժումից: ԼՂՀ գլխավոր ուռուցքաբան, ուռուցքաբանական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Հայրիյանի խոսքով` տարեկան կտրվածքով Արցախում ուռուցքաբանական խնդիրներ է ունենում ավելի քան 700 մարդ, ովքեր ստացիոնար բուժում են ստանում 60-ականներից ժառանգած խարխուլ շենքում, շատերն էլ նախընտում են մեկնել Երեւան, կամ հնարավորության դեպքում` բուժվել արտերկրում: Ընթացքի մեջ է բուժաշխատողների ընտրությունը, ովքեր վերապատրաստման նպատակով կմեկնեն Ֆրանսիա: «Կենտրոնը հավակնում է լինել լավագույններից մեկը տարածաշրջանում»,- կարծիք է հայտնում գլխավոր ուռուցքաբանը:

Կենտրոնը կունենա ընդհանուր, կլինիկական պաթոմորֆիական լաբորատորիաներ, ռենտգեն ախտորոշման, մամոգրաֆիայի եւ մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիայի (MRT) կաբինետներ, վիրահատարաններ եւ ինտենսիվ թերապիայի սենյակներ: Ստացիոնար բաժանմունքում կբուժվեն ինչպես վիրաբուժական, այնպես էլ թերապեւտիկ (քիմիոթերապիա) պրոֆիլի հիվանդները: Դիսպանսերը նախատեսված է 35 հիվանդի համար:

Ներկայում հաջողությամբ շարունակում է գործել Ֆրանսահայ համայնքի հովանավորությամբ կառուցված Գորիսի սրտաբանական կենտրոնը, իսկ շաբաթներ առաջ Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Շուշիում բացվեց Արցախի համար այնքան անհհրաժեշտ Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանը, որը ֆրանսահայ համայնքի կողմից որդեգրած եւս մեկ ուղղության` կրթօջախների արդիականացման լավագույն օրինակ է:

 

Լրահոս

Դիտել ավելին