Կարևոր իրադարձություններ

Զարուհի Փոստանջյանը նամակով դիմել է ԿԳՆ Արայիկ Հարությունյանին

12 Հունիս, 2018 16:39
Զարուհի Փոստանջյանը նամակով դիմել է ԿԳՆ Արայիկ Հարությունյանին

Երևանի ավագանու  «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը դիմում է հղել Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Դիմումի մեջ ասված է.

Հարգելի պարոն Հարությունյան,

2018 թվականի հունիսի 11-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները քաղաքացիների ահազանգով այցելեցին Բագրատունյաց 37 հասցեում գտնվող, Կրթության և Գիտության նախարարության ենթակայության տակ գործող՝ Երևանի մշակույթի պետական քոլեջ։ Տեղում արձանագրվեց շինության անմխիթար վիճակը (անբարեկարգ միջանցքներ, լսարաններում գրեթե բացակայող մանրահատակ, սանհանգույցների անմխիթար վիճակ, խոնավ նկուղ)։

Շենքը շահագործման է հանձնվել 1929 թվականին, իսկ վերջին անգամ վերանորոգվել է 1983 թվականին: Ըստ քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի՝ քոլեջում ուսանում է 260 սան։ Մեր այցելության ժամանակ ուսումնական կարծես թե նորմալ պրոցես էր, եթե այդպիսի անմխիթար վիճակում հնարավոր է ուսումնական պրոցես ծավալել։

Հիշեցնեմ, որ անցած տարի Դուք այցելել եք այս հաստատություն որպես Երևան քաղաքի ավագանու անդամ, իսկ 2 շաբաթ առաջ, արդեն Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարի պաշտոնում կրկին իրազեկվել եք Երևանի մշակույթի պետական քոլեջի անմխիթար վիճակի մասին։

Նշենք նաև, որ, ըստ քոլեջի տնօրենի խոսքերի, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների խախտմամբ շինության շուրջ 100 քմ տարածքով մասնաբաժինը  տրամադրվել է ՀՅԴ-ին որպես գրասենյակ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում ենք Ձեզ անհապաղ անդրադառնալ Երևանի մշակույթի պետական քոլեջի շենքային պայմաններին, հնարավորինս արագ ձեռնամուխ լինել վերանորոգման աշխատանքներին՝ ի նպաստ մեր սերունդների կրթության և մեր մշակույթի պահպանման։

Միաժամանակ խնդրում ենք «Երկիր Ծիրանի» կուսկացությանը և Երևանի մշակույթի պետական քոլեջի ղեկավարությանը գրավոր կարգով տեղեկացնել շենքի պայմանների բարելավման, վերանորոգման ծրագրերի ծավալի և ժամկետների վերաբերյալ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին